Home / Դատարան / Պետությունը կենտրոնացել է փաստաբաններին ճնշելու վրա

Պետությունը կենտրոնացել է փաստաբաններին ճնշելու վրա

Վերջին շրջանում հայաստանյան մի շարք փաստաբաններ ճնշումների են ենթարկվում։ Այսօր «Մեդիա կենտրոն» մամուլի ակումբի կազմակերպած միջոցառման ժամանակ մի քանի փաստաբաններ խոսել են Հայաստանում քրեական արդարադատություն իրականացման, իրավունքի սահմանափակման, ամբաստանյալների նկատմամբ բռնությունների, փաստաբանների գործունեությանը խոչընդոտելու, դատարանների և դատավորների անկախության խնդիրներին։

Միջոցառման մասնակից, փաստաբան Հայկ Ալումյանը նշել է, որ իրենք հատկապես ճնշումների են ենթարկվում այն ամբսատնյալների շահերը պաշտպանելիս, որոնք փորձել են պետության դեմ գնալ՝ օրինակ, «Սասնա ծռերի», Նորքի զինված խմբի գործերով։

Ալումյանն ընդգծել է՝ վերջին մի քանի ամիսներին մի շարք քրեական գործերով զարգացումները ցույց են տալիս, որ պետությունը կենտրոնացել է փաստաբաններին ճնշելու վրա, և վերջիններիս իրավունքները տարբեր միջոցներով սահմանափակվում են։ Մասնավորապես, նա անդրադարձել է հունիսի 28-ին «Սասնա ծռերի» գործով անցնող ամբաստանայալների նկատմամբ կիրառված բռնության դեպքին։

«Դուք պատկերացնում եք փաստաբանի աչքի առաջ, փաստաբանից 20 մետր հեռավորության վրա իր պաշտպանյալին ծեծի են ենթարկում, որը կոնվենցիայով արգելվում է։ Սա նշանակում է, որ փաստաբանին մասնագիտական առումով վիրավորում են։ Նրա մասնագիտական գործունեությունը հավասարեցնում են զրոյի, նա չի կարող որևէ կերպ այդ ծեծին միջամտել։ Սա նշանակում է, որ այդ իրադարձությունների հրահանգ տվողներն արհամարհել են փաստաբաններին»։

Նա անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ դատարանի շենք մտնելիս փաստաբաններին ամեն կերպ փորձում են, ոստիկանների խոսքով, զննել, բայց իրականում դա խուզարկություն է։ Ընդ որում, փաստաբանի խոսքով, հետաքրքիր է, թե որ պահին են որոշում խուզարկել, կամ ում խուզարկել, ում ոչ․ «Դա բացարձակ կամայականության վրա է հենված»։

Ալումյանը հիշել է, որ «Սասնա ծռերի» գործով դատական նիստերից մեկի ժամանակ, երբ փաստաբանները հրաժարվել են խուզարկության ենթարկվել, ժամանել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, և Դատական դեպարտամենտի ներկայացուցիչներն ասել են․ «Լավ, եթե Փաստաբանների պալատի նախագահը այստեղ է, թույլ կտանք առանց էդ գործողության ներս մտնեք»։ Ալումյանի պնդմամբ՝ դա նշանակում է, որ այդ «զննումը» լրիվ կամայականորեն է կատարվում։

«Բացի դրանից, նրանք մեր պայուսակներում փնտրում են արգելված իրեր, որոնց ցուցակը իրենք իրականում չունեն։ Այդ խուզարկումով նրանք ցանկանում են փաստաբանի վարկանիշը գցել։ Դուք պատկերացու՞մ եք ամեն անգամ դատավորին էլ դատարանի շենք մտնելիս զննեն։ Իսկ ո՞վ ասաց, որ դատավորի նկատմամբ ավելի հարգալից պետք է լինել, քան փաստաբանների», ֊ ասել է Ալումյանը։

Փաստաբանն անդրադարձել է տարբեր դատական նիստերի ժամանակ փաստաբանների նկատմամբ կիրառվող սանկցիաներին՝ ընդգծելով՝ դրանց պատճառն այն է, որ փաստաբանները հրաժարվում են առանց իրենց վստահորդների ներկա գտնվել դատական նիստին։

«Արդյո՞ք փաստաբանն իր վստահորդի բացակայության պայմաններում իրավունք ունի գտնվել դատարանի դահլիճում, երբ վստահորդը հանձնանարել է առանց իր ներկայության ոչ մի բան չանել», ֊ հռետորական հարց է բարձրացրել Ալումյանը։

Tekali Taxi