Գլխավոր / Բնապահպանություն / Սևանա լճի մակարդակն արդեն 8 սմ-ով իջել է․ Ecolur.org

Սևանա լճի մակարդակն արդեն 8 սմ-ով իջել է․ Ecolur.org

Սևանա լճից հավելյալ 100 մլն խորանարդ մետր ջուր վերցնելու Կառավարության որոշումից հետո լճի մակարդակն արդեն 8 սմ-ով իջել է։ Այս մասին գրում է Ecolur.org-ը՝ նշելով, որ այս տարի Սևանա լճի մակարդակի ամենաբարձր ցուցանիշն է եղել 1900,91 մ, հունիսի 26-ից լճի մակարդակը սկսել է իջնել` այսօրվա դրությամբ կազմելով 1900.83 մ:

«Լճի մակարդակի անկումը պայմանավորված է Սևանից ոռոգման համար իրականացվող ջրառով: Արդեն իսկ Սևանա լճից բաց է թողնվել 141.595 միլիոն խմ ջուր, որից 0.741 միլիոն խմ-ն չկարգավորվող արտահոսքն է», -գրում է Ecolur.org-ը:

Կայքը նշում է, որ «Արփա-Սևան» ջրատարով հուլիսի 5-ից սկսած Սևանա լիճ ջուր չի հոսում: «Արփա-Սևան» ջրատարով Սևան ջուր է տեղափոխվել ընդամենը 3 ամիս` ապրիլից մինչև հուլիսի սկիզբը: Մինչդեռ այս ջրատարը կոչված է Կեչուտի ջրամբարի միջոցով Սևանա լիճ ուղղել Արփա և Եղեգիս գետերի հոսքերի մի մասը` գումարային 250 միլիոն խմ ջուր տարեկան:

Հիշեցնենք, որ ըստ առաջարկվող ծրագրի՝ Սևանի ջրով կլուծվի Արարատյան դաշտի երեք ամայացող համայքների ոռոգման հարցը և ջրամբարները կլցվեն։ Բնապահպանները նշում են, որ Սևանից հավելյալ ջուր վերցնելը կարող է հանգեցնել բնապահպանական լուրջ աղետների, մասնավորապես, լիճը կսկսի ճահճանալ, կավելանան կապտականաչավուն ջրիմուռները և շատ ձկնատեսականեր ուղղակի չեն կարող բազմանալ։ Նրանց խոսքով՝ Սևանից ավել ջուր վերցնելը ձեռնտու է մի շարք ՀԷԿ֊եր և Սևանի ափամերձ տարածքներում առանձնատներ և հանգստի վայրեր ունեցող մեծահարուստներին և պաշտոնյաներին։