«Նաիրիտ» գործարանում այսօր հրդեհ է բռնկվել․ այրվում է քիմական լաք֊էթինոլ նյութը, սակայն քիմիական աղետի վտանգ չկա։ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները լրագրողների միջոցով այս հայտարարությունը փոխանցում էին հանրությանը։ Արտակարգ պատահարի մասին պատմելու համար «Նաիրիտի» աշխատակիցները լրագրողներին տարել են հրդեհի օջախից մոտ 50 մետր հեռավորության վրա, որտեղ ԱԻՆ֊ից նախ Մուշեղ Ղազարյանը, ապա Վալերի Բադյանը ասել են, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, հրշեջները տարածքում աշխատում են։
Ղազարյանի խոսքով՝ հրդեհի պատճառի մասին չեն կարող ասել մինչ հրդեհաշրջման ավարտը, սակայն, Ղազարյանին «Նաիրիտ» ընկերության տնօրինիությունից ասել են, որ լաք֊էթինոլն ինքնաբռնկվող նյութ է։
Ղազարյանը, այնուամենայնիվ, խորհրուրդ է տվել գործարանի հարակից շենքերի բնակիչներին փակել պատուհանները, աշխատել ծուխը չշնչել։
Բադյանն ասել է, որ լաք֊էթինոլի պաշարները «Նաիրիտում» այրվել են նաև 8 տարի առաջ։
Հրդեհի անվտանգ լինելու մասին ասելուց հետո՝ ԱԻՆ աշխատողները լրագրողներին խնդրել են հեռանալ, որպեսզի «թունավոր օդ չշնչեն»։
«Նաիրիտ»գործարանի նախկին աշխատակիցներից Կարինե Շահվերդյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ գործարանում կար մի քանի հարյուր տոննա լաք֊էթինոլ։
«Հուլիսի 1֊ին ևս 20 աշխատակից է հեռացվել աշխատանքից։ Այդ թվում այն արտադրամասի պետը, որտեղ այսօր հրդեհը բռնկվել էր։Եթե մասնագետը լիներ այնտեղ, տեխնոլոգը, նման բան տեղի չէր ունենա։ Կիմանար, որ ազոտի պակաս կա, որ տեղամասերի մոտ պատահարներ չպետք է լինեն։ Ազատել են աշխատանքից՝ համարելով, որ նրանք երկրորդական արտադրամասեր էին ղեկավարում»,֊ ասել է Շահվերդյանը։