Home / Շուկա / Կառավարությունը ներել է «Բերրիություն» ընկերության խախտումները և կրկին գումար տրամադրել

Կառավարությունը ներել է «Բերրիություն» ընկերության խախտումները և կրկին գումար տրամադրել

Գյուղացիական տնտեսություններին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի տրամադրման համար Կառավարությունն ավելի քան 61 միլիոն դրամ է տրամադրել «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ընկերությանը։

Գործադիրը նաև շատացրել է դեպի համայնքներ բեռնափոխադրումն իրականացնելու համար ընկերությանը տրվող ֆինանսավորումը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվին։

«Սերմերի գործակալության» պետական ֆինանսավորումը կրճատվել է 19 միլիոն 268 438 դրամով, և այդ գումարը տրվել է «Բերրիությանը»։

Կառավարությունն իր որոշումը մեկնաբանել է հետևյալ կերպ․ մյուս մատակարարը՝ «Տարգովիյ Դոմ «Դոնսկոյ Ագրոխիմ Ցենտր» ՍՊԸ֊ն, խնդիրներ է ունեցել․ Իրանի Իսլամական Հանրապետության ազգային տոների հետ կապված ազոտական պարարտանյութի ներկրումն այդ երկրից ուշացվել է։

Սա վերջին երկու ամսվա մեջ երկրորդ դեպքն է, իսկ անցնող տարում՝ երրորդ, երբ Կառավարությունը բարի է գտնվում «Բերրիության» հանդեպ։ Հուլիսին Կառավարությունը «ներել է» ընկերությանը և ազատել պետության կողմից առանց տոկոսի տրված վարկի պահանջները չկատարելու համար հասանելիք տուրքը վճարելուց։ Պետական տուրքը կազմում էր 15 850 000 դրամ։

2017 թվականի մարտին Կառավարությունը ընկերությանը տրամադրել էր մոտ 245 միլիոնդ դրամ՝ ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի մատակարարումները Հայաստանի Հանրապետություն կազմակերպելու նպատակով։

Ընկերությունը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, փոխկապակցված է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հետ:

Tekali Taxi