Գլխավոր / Բանակ / Դատավորը չի ուզում ՍԴ դիմել՝ պարզելու «1000 դրամների» օրենքի սահմանադրականությունը

Դատավորը չի ուզում ՍԴ դիմել՝ պարզելու «1000 դրամների» օրենքի սահմանադրականությունը

Առաջին ատյանի դատարանի դատավոր Հայկուհի Զարգարյանը հրաժարվել է դիմել Սահմանադրական դատարան՝ պարզելու «1000 դրամների» օրենքի սահմանադրականությունը։

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայկուհի Զարգարյանը մերժել է Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությունը, որն բերել է օրենքի դեմ դատարան դիմած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակիցների ներկայացուցիչ Անի Չատինյանը։ Դատավոր Զարգարյանը նշել է, որ կողմը կարող է ինքն էլ դիմել ՍԴ և առաջին ատյանի դատարանին այդ մասին խնդրելու կարիք չկա։ Մինչդեռ Անի Չատինյանը Epress.am֊ի հետ զրույցում պարզաբանել է, որ Հայաստանում գործող օրենսդրության համաձայն՝ անձը չի կարող դիմել ՍԴ, եթե չի սպառել դատական եռաստիճան համակարգը։

Հիշեցնենք, որ ըստ հայցվորների՝ «1000 դրամների» օրենքը խախտում է իրենք՝ Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունքը, քանի որ այդ օրենքով առանց անձի կամքի բռնագանձվում է ամսական 1000 դրամ՝ բանակի համար, և, ըստ էության, սա նոր հարկատեսակ է։

Պատասխանողի դերում են Պաշտպանության նախարարությունը և Ֆինանսների նախարարությունը։ ՊՆ֊ի ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք կապ չունեն այս ծրագրի հետ, ոչ էլ հավաքված գումարների։ Նշենք, սակայն, որ գումարների բաշխումով զբաղվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը, որի խորհրդի նախագահը Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է։

Ֆինանսների նախարությունը դատարանում հայտարարել է, որ օրենքի օրինականության մասին ավելնորդ է խոսել, քանի որ այն ընդունվել է Ազգային Ժողովի քվեարկությամբ։

Tekali Taxi