Դատարանը վարույթ է ընդունել «1000 դրամների» օրենքով ամսական գանձվող գումարները վերադարձնելու պահանջով հայցադիմումը։ Այն դատարան է ներկայացրել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ Հայցվորը հիմնավորել է, որ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով խախտվում է սեփականության իրավունքը, օրենքը՝ հակասահմանադրական է, հակաիրավական և խտրական։
Հայցի կքննվի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ հուլիսի 12-ին։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այսօր «Նոյան տապան» մամուլի ակումբում լրագրողներին ասել է, որ հայցվորն օրենքը համարում է անհիմն հարստացման միջոց։
«1000 դրամները մեր գույքի մի մասն են, քանի որ մարդու աշխատավարձը, ըստ ՄԻԵԴ նախադեպային իրավունքի, հանդիսանում է անձի սեփականություն: Սա հիմնական նորմ է, որի վրա կառուցված են հայցի հետագա հիմնավորումները», ֊ ասել է Արթուր Սաքունցը։
Ըստ իրավապաշտպանի՝ վիճարկվող օրենքի 10֊րդ հոդվածով սահմանվում է «դրոշմանիշային վճար» հասկացությունը, որը հակասում է այն ձևակերպմանը, որ Սահմանադրությունն է տալիս «հարկ» և «տուրք» հասկացություններին։ «Հարկը» այն պարտադիր վճարն է, որը վճարվում է հանրային իշխանության ֆինանսական միջոցները ապահովելու համար, իսկ «տուրքը»՝ տարածքային ինքնակառավարման համար։ Իսկ «1000 դրամների» օրենքում սահմանված «դրոշմանիշային վճարի» դիմաց վճարողը որևէ ծառայություն չի ստանում։
«Այսինքն՝ սահմանում են վճար, անունը դնում են «դրոշմային վճար», բայց դրա վճարման դիմաց մենք որևէ իրավաբանական նշանակություն ունեցող գործունեություն չենք ստանում»,֊ ասել է Սաքունցը։
Ըստ հայցվորների՝ օրենքը նաև խտրական է, քանի որ վերաբերում է միայն 2017 թվականի հունվարի 1-ից հետո մահացած և վիրավորված զինվորներին, մինչդեռ պետությունը պոզիտիվ պարտականություն ունի բոլոր զինծառայողների նկատմամբ։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակն արդեն ստացել է Ֆինանսների նախարարության պատասխանը հայցադիմումին, որը, ըստ Սաքունցի, չի անդրադառնում վերոնշյալ հակասահմանադրական դրույթներին։
«Հետաքրքիր է, որ պատասխանի մեջ «վճար» հասկացողությանը որևէ անդրադարձ չկա։ Միայն գրել են, որ քանի որ օրենքով է սահմանված, ուրեմն դա անհիմն չէ», ֊ ասել է Սաքունցը։
Կողմը պատրաստվում է հետագայում դիմել նաև Սահմանադրական դատարան, և, եթե ՍԴ֊ն չբավարարի հայցը, կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
«Մենք գիտակցում ենք, որ ֆինանսական միջոցների սղություն ունենք։ Բայց դա չի կարող հիմնավորում հանդիսանալ հակաիրավական միջոցներով խնդիրը լուծելուն։ Սա հարկատեսակ է։ Ունենք օլիգարխիա, ստվերային միջոցներ՝ 500 միլիոն դոլար։ Փոխանակ դուք միջոցներ ձեռնարկեք իրավիճակը փոխելու, պատշաճ քաղաքականություն իրականացնեք, գործ անեք․․․ Գործ չանելով՝ ասում են՝ ժողովուրդ, վճարեք»,֊ ասել է Սաքունցը։