Home / Ազգային ժողով / Պետության գործառույթը դրեցին աշխատողների վրա․ ԱԺ֊ն ընդունեց «1000 դրամների» օրենքը

Պետության գործառույթը դրեցին աշխատողների վրա․ ԱԺ֊ն ընդունեց «1000 դրամների» օրենքը

parliamenthhk

84 կողմ, 4 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «1000 դրամների» աղմկահարույց օրենքի նախագիծը։ Համաձայն օրենքի, պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած կամ մահացած զինծառայողներին և նրանց ընտանիքներին գումար հատկացնելու համար Հայաստանի յուրաքանչյուր աշխատող քաղաքացուց գանձվելու է ամսական 1000 դրամ։

Վերջին շրջանում այս օրինագիծը քննարկումների առիթ էր դարձել և՛ Ազգային ժողովում, և՛ հանրության շրջանում։

ԱԺ ամբիոնից մի քանի ընդդիմադիր պատգամավորներ էին միայն դեմ խոսել նախագծին։ «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն իրենց ելույթներում ընդգծել էին, որ առանձին հարկատեսակ ստեղծել պետք չէ, քանի որ Հայաստանի պետական բյուջեում գումար կա և պետական այլ ծախսեր կրճատելով կարելի է օգնել զինվորներին ու նրանց ընտանիքներին։

Փոստանջյանը, մասնավորապես, ասել է, որ ստեղծվող հիմնադրամը գումարներ է գանձելու ոչ թե զինվորների կամ նրանց ընտանիքների համար, այլ դրանք ուղղվելու են Սերժ Սարգսյանի գրպանը։ Մանուկյանն էլ, իր հերթին, ընդգծել էր, որ զինվորին պահելը պետության պարտականությունն է։ Նա առաջարկել է կրճատել բանակի գեներալների և ոստիկանության աշխատողների թիվն ու այդ գումարը տալ զինվորներին և նրանց ընտանիքներին։

Մինչ օրենքը քննարկվում էր Ազգային ժողովում, Երևանի կենտրոնում հայտնվել էին գրաֆիտիներ՝ «ՏՂԵՍ ԶՈՀՎԵՑ, ՎԱՐԿԵՐՍ ՓԱԿԵՑԻ, #_1000 ԴՐԱՄ»։

Դեկտեմբերի 2-ին «1000 դրամների» օրենքի դեմ ակցիա է անցկացվել Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի դիմաց՝ «աղքատները հրաժարվում են մեռնել» պաստառով։

Նշենք, որ օրենքով նախատեսված վճարները հատկացվելու են 2017 թվականի հունվարի 28-ից հետո մահացած կամ վիրավորում ստացած զինծառայողներին։ Ընդ որում, գումար է տրվելու այն զինծառայողներին, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել մարտական գործողությունների հետևանքով:

Օրենքի նախագիծը՝ այստեղ։