«1000 դրամների» օրենքը հրեշավոր նախագիծ է, որովհետև վերաբերվելու է պատերազմին և դրա հետևանքով սպասվող զոհերին ու վիրավորներին։ Այս մասին ԱԺ այսօրվա արտահերթ նիստի ժամանակ ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։
Նա նշել է, որ ապրիլյան քառօրյայից հետո դեռ չի անցել մեկ տարի, բայց հստակ քրեաիրավական գնահատական չի տրվել դրան և ոչ ոք պատասխանատվություն չի կրել։
«Այդ օրերի ընթացքում մենք ունեցել ենք 100-ից ավել զոհեր, որոնցից 20-ը, ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի [Վանաձորի գրասենյակի] կողմից հրապարակված զեկույցի, զոհվել են ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով։ Այս հրեշավոր ծրագրի պատճառով, այն ծնողը, ում երեխան մահացել է ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով, ոչ մի օգնություն չի ստանալու։ Ո՞վ չի հասկանում, որ սա լայն իմաստով կոռուպցիայի օրենքի նախագիծ է և հիմնական կոռուպցիոներ Սերժ Սարգսյանի համար մի հիմնադրամ է»,- իր ելույթի ժամանակ ասել է Փոստանջյանը։
Պատգամավորը նշել է, որ «պատերազմական օրերի հրապարակումների վերլուծություններից» պարզ է դառնում, որ այդ պատերազմը «պայմանավորված է եղել»․
«Այդ պատերազմը իշխանությունների համար կանխատեսելի է եղել, մեր իշխանությունները կանխելու համար ոչ մի գործողություններ չեն արել, որ պատերզամի միջոցով ճնշեն ժողովրդին։ Հիմա էլ պատերազմի պատասխանատուները եկել են, նոր օրենքի նախագիծ են ներկայացնում ու նոր գումարներ են հավաքում»։
Մինչ իր ելույթը Փոստանջյանը վիճաբանել էր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ, ով առաջին ընթերցման ժամանակ կողմ էր քվեարկել օրինագծին։
Փաշինյանը այսօրվա քննարկումների ընթացքում կրկին դրական է գնահատել օրինագիծը և նշել, որ հավաքված գումարները գնալու են ոչ թե իշխանությանը, այլ զոհված զինվորների ընտանիքներին։ Զարուհի Փոստանջյանը իր տեղից հակադարձել է՝ ասելով, որ Փաշինյանը «սուտ է ասում»․ «Սերժի գրպանն է դա գնալու, տենց չի կարելի ասել»։
Ի պատասխան, Փաշինյանը պնդել է իր տեսակետը․ «Կա փաստ՝ մարդը զոհվե՞լ է ,թե չի զոհվել, կամ մարդն առաջին կարգի հաշմանդամ դարձե՞լ է, թե չի դարձել: Էդ դեպքում, երբ մարդը զոհվել ա, էդ մարդու ընտանիքը 10 միլիոն միանվագը ստացել ա՞, թե՞ չի ստացել։ Այսինքն չի լինելու, որ էդ մարդուն փողը չեն տալու, իսկ ինքը սուս ա մնալու, ասելու ա՝ ես գործ տվող տղա չեմ։ Ընդհանրապես զոհված ազատամարտիկի ընտանիքը չի կարող լինել բարեգործության և կարեկցանքի սուբյեկտ։ Մենք իրենց կարեկցելու բան չունենք, իրենք մեզ կարեկցելու բան ունեն»։