Home / Բանակ / Ուսանողների հետ հանդիպմանը ԿԳ նախարարն ակադեմիական տարկետման դեմ է արտահայտվել

Ուսանողների հետ հանդիպմանը ԿԳ նախարարն ակադեմիական տարկետման դեմ է արտահայտվել

Ակադեմիական տարկետման վերացման դեմ դասադուլ հայտարարած ուսանողները այսօր երթ են կազմակերպել  դեպի Կրթության և գիտության նախարարություն՝ նախարարի հետ հանդիպում պահանջելով։ Այս պանաջով նրանք մի քանի բաց նամակ էին ուղղել Լևոն Մկչտրչյանին, որոնք մնացել էին անպատասխան։ ԿԳՆ շենքի դիմաց հավաքված մոտ 400 ուսանողների հետ հանդիպման են իջել նախարարության աշխատակիցները և հայտարարել, որ նախարարը դուրս չի գա՝ ուսանողներին անձրևի տակ հանդիպելու, և առաջարկում է 10 պատվիրակների բարձրանալ իր մոտ։ Ուսանողների առաջարկը ԵՊՀ դահլիճում հանդիպում կազմակերպել մերժվել է։  Ի վերջո, նրանցից տասը համաձայնել են բարձրանալ՝ լրատվամիջոցների ներկա լինելու պայմանով։

Նախարար Լևոն Մկրտչյանը նախ հրաժարվել է բացատրել՝ ինչո՞ւ են բուհերում փակում դռները՝ արգելելով ուսանողներին մասնակցել դասադուլի։ Նախարարը առաջարկել է  խոսել բովանդակային հարցերի մասին,  ոչ թե հետևանքներից։

Դաշնակցական նախարարն ասել է, որ սա «նուրբ թեմա է» և խոսքը հայրենիքի առջև պարտքը կատարելու մասին է, ինչը բոլորին է վերաբերում։

«Մի քիչ նուրբ թեմայի մեջ ենք մենք հիմա։ Ես լսում եմ ձեր վանկարկումը՝ ազատ անկախ ուսանող։ Ազատ անկախ ուսանող հայրենիքի հանդեպ պարտականությունի՞ց։ Ես էլ իրավունք ունեմ ունենալ անվստահություն (ձեր շարժման հանդեպ.-խմբ): Արդյո՞ք սա այն հարցն է, որի շուրջ պետք է նման բողոք անել», – ասել է նա։

Մկրտչյանի խոսքով՝ բոլորը պետք է ծառայեն բանակում, որպեսզի արդարություն լինի։

«Պատկերացրեք՝ կուրսում 20 երեխա կա, 4 հոգին նրանցից չի զորակոչվում, քանի որ կես բալի տարբերությամբ բարձր են ստացել։ Այստեղ խախտվում է սոցիալական արդարության սկզբունքը։ Այն երեխաները, որոնք այսօր խրամատներում են, նրանք է՛լ կարող են, չէ՞, գիտնական դառնալ», – ասել է նախարարը։

Բողոքող ուսանողների հիմնական փաստարկն այն է, որ  բանակ գնալով,  գերազանցությամբ սովորող ուսանողի համար կխախտվի կրթության անընդհատության սկզբունքը։ Նախարարն ասել է, որ դա խոչընդոտ չէ գիտությամբ զբաղվելու համար։

Պաշտպանելով ՊՆ-ի կողմից առաջարկված այս փոփոխությունը Լևոն Մկրտչյանն ընդունել է, որ իր ղեկավարած ոլորտում «կոռուպցիոն ռիսկերի մեծ կուտակում կա», որ գիտնականները չեն զբաղվում գիտությամբ՝ ցածր աշխատավարձերի պատճառով։

«Վերջին 4-5 տարիներին գիտությունների թեկնածու աստիճան ստացած մարդկանցից միայն 15-17%-ն է  գիտությամբ զբաղվում։ Սա նշանակում ա, որ ես որպես Կրթության և գիտության նախարար տեսնում եմ  կոռուպցիոն ռիսկերի շատ մեծ կուտակում», – ասել է Մկտրչյանը։

Նախարարն ընդունել է, որ  երիտասարդ գիտնականները չեն ցանկանում զբաղվել գիտությամբ Հայաստանում։ Նա ավելացրել է, որ միայն անցյալ տարի 300 գիտնական լքել է գիտությունը՝ այլ ոլորտներում բարձր աշխատավարձի առաջարկներ ստանալով։

Եզրափակելով քննարկումը՝ Լևոն Մկտչյանն ասել է, որ տարկետումը  վերականգնելու հարցը փակված է, այլ հարցերի շուրջ՝ պատրաստ է լսել առաջարկներ։ Ուսանողներն, իրենց հերթին, նշել են, որ դասադուլը շարունակվելու է։