Գլխավոր / Ազգային ժողով / ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը և ՀՅԴ-ն վերացրեցին ակադեմիական տարկետման իրավունքը

ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը և ՀՅԴ-ն վերացրեցին ակադեմիական տարկետման իրավունքը

Ազգային ժողովն այսօր քվեարկել է ակադեմիական տարկետման իրավունքի վերացման համար: 86 պատգամավորներ (նրանցից 4-ը գործուղման մեջ էին, բայց թողել էին իրենց կարծիքն օրինագծի վերաբերյալ) կողմ են քվեարկել ՀՀ կառավարության կողմից առաջարկված «Զինապարտության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին: Օրինագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ: Դեմ էին «Ելք» դաշինքի 6 պատգամավորներ:

Դաշինքի ներկայացուցիչ Արարատ Միրզոյանը քվեարկությունից առաջ հայտարարել է, որ 120 գիտաշխատողներ և դասախոսներ միացել են տարկետման վերացման դեմ բողոքող ուսանողների պահանջին, իսկ 4 ուսանողներ գտնվում են հացադուլի մեջ: Նա կոչ է արել դեմ քվեարկել օրինագծին՝ ժամանակ տալով օրենքը լրամշակելու համար: Մյուս երեք խմբակցությունները, սակայն, անտեսել են այդ կոչը:

ԱԺ-ի մոտ քվեարկությանը սպասող մի քանի հարյուր ուսանողներ, իմանալով արդյունքների մասին, հայտարարել են՝ քանի որ պատգամավորները չլսեցին ուսանողներին, իրենք ակցիա կանցկացնեն՝ լուռ կանգնելով Ազգային ժողովի պատերի մոտ: Այնուամենայնիվ, նրանք պարբերաբար վանկարկում են «Տարկետում լինելու ա», «Ազատ, անկախ ուսանող»: Նրանք նաև հայտարարել են, որ Ազգային ժողովի պատգամավորները վարվել են խավարասերների նման՝ առավոտ կանուխ քվեարկելով օրինագծի համար: