հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Կրթություն / Լիբերալից ֆաշիստ դառնալը երկու քայլ է՝ հատկապես Հայաստանի պայմաններում

Լիբերալից ֆաշիստ դառնալը երկու քայլ է՝ հատկապես Հայաստանի պայմաններում

«ԵԼՔ»-ը, «Սասնա ծռերը» գաղափարապես չեն կասկածում ՀՀԿ-ի գաղափարական ճշմարտացիությանը

Դասախոսություններից մեկի ժամանակ պատմաբան Ժիրայր Լիպարիտյանը, խոսելով Թուրքիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ, այսպիսի մի միտք արտահայտեց․ «Թուրքիան աշխարհի ամենակայացած և զորեղ դիվանագիտական ավանդույթներ ունեցող երկրներից մեկն է, բայց, երբ հերթը հասնում է Հայաստանին ու հայերին, թուրք դիվանագետները գժվում են»։ Նույն տրամաբանությունը գործում է նաև հայկական միջավայրում։ Կարծես թե հայաստանցիները բավականին ադեկվատ են արձագանքում աշխարհից եկող տարատեսակ ազդակներին, բայց երբ հարցը հասնում է Թուրքիային ու ազգային ինչ-որ հարցերին, մարդիկ գժվում են, այսինքն՝ կորցնում են ադեկվատությունը։

Տպավորություն կա, որ Վանոյի առաջ քաշած «Երրորդ բաժակից հետո բոլորս դառնում ենք դաշնակ» ազգային սինդրոմը, ոչ մի կերպ հանգիստ չի թողնում հայաստանցիներին։ Գրեթե բոլորի մեջ ապրում է մի փոքրիկ դաշնակցական բջիջ, որը ներսից քրքրում է մարդկային բանականությունն ու հոգին։ Այս դեպքում, երբ ասում ենք «դաշնակցական», բնականաբար նկատի չունենք ՀՅԴ-ին և այդ կուսակցության անդամներին։ Պայմանական տերմինի տակ պետք է հասկանալ հանրության մեջ տիրապետող դարձած նացիոնալիստական տրամադրությունները, ֆիդայական աշխարհահայացքը և ռազմահայրենասիրական շիզոֆրենիան։

Հայտնի պատմաբան և հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում այսպիսի մի միտք է արտահայտել․ «Գարեգին Նժդեհ, թե՞ Ալեքսանդր Մյասնիկյան: Սա՛ է կողմնորոշման հարցն այսօրվա Հայատանում: Ես Մյասնիկյանին վատ տղա չեմ համարում, նույնիսկ՝ հարգում եմ: Բայց ընտրում եմ՝ միանշանակ Նժդեհ, «ֆաշիզմ» եւ Հայկական լեգիոն»: Հիմա, եթե ակադեմիական մտածողության տեր անհատն է այսպիսի արհեստական և ոչ այնքան ադեկվատ խնդիր առաջ քաշում, ապա ի՞նչ անեն ոչ մասնագետները, որոնք ակադեմիական տեսանկյունից չեն տիրապետում փաստերին ու պատմական մանրամասներին։ Եթե մասնագետն է այսպիսի ծայրահեղությունների մեջ ընկնում, պատկերացրեք, թե ազգայնական ինչպիսի շիզոֆրենիայի մեջ կարող են հայտնվել «շարքային մահկանացուները»։

Ի՞նչ ընտրության մասին է խոսում Տեր-Աբրահամյանը, ո՞վ է ասել, որ արդպիսի հակադրություն կա հայկական իրականության մեջ։ Ի դեպ Հրանտը հարգանքի արժանի մասնագետ և մարդ է, որից ես շատ եմ սովորել։ Բայց ինչու՞ է այսպիսի նացիոնալիստական մոլորության մեջ ընկել, դժվարանում եմ պատասխանել։ Ամբողջ խնդիրն այն է, որ քաղաքական համակարգի և քաղաքացիական կոնտինգենտի մեծագույն հատվածը իշխանությունների և ՀՀԿ-ի հետ գաղափարական-արժեքային կոնֆլիտ չունեն: Գրեթե բոլորն էլ ընկղմված են նացիոնալիստական թմբիրի մեջ, նույնիսկ նեոլիբերալիզմի քողի տակ ծածկվածները։ Յուրաքանչյուր լիբերալ իր հոգու խորքում ժանդարմ է և լիբերալից ֆաշիստ դառնալը ընդամենը երկու քայլ է՝ հատկապես Հայաստանի կիսագրագետ պայմաններում։ Այսինքն ինչպես ընդդիմադիրները, այնպես էլ հեղափոխականները գաղափարական տեսանկյունից չեն տարբերվում իշխանություններից։

«ԵԼՔ»-ը, «Սասնա ծռերը» գաղափարապես չեն կասկածում ՀՀԿ-ի գաղափարական ճշմարտացիությանը, նրանք բոլորն էլ մանևրում են լիբերալիզմի ու ազգայնականության միջև ընկած տարտամ տիրույթում ու հարկ եղած դեպքում միավորվում են այդ նույն գաղափարական դրոշի ներքո։ Ինչպես կատարվեց երեկ։ Գրեթե ամբողջ հասարակական-քաղաքական տիրույթը միավորվեց ՀՀԿ-ի շուրջը և համատեղ սկսեցին պաշտպանվել ռուսական հեռուստաալիքի հարձակումներից։ Եվ հենց այս գաղափարական մերկությունը այն հիմնական խոչընդոտն է, որն արգելակում է քաղաքական համակարգի կայացումը։ Գաղափարական կոնֆլիկտ չկա, ձևավորվել է բարու ու չարի պայքարի միջավայր։ Բարի նժդեհականները պայքարում են չար նժդեհականների դեմ՝ վիճարկելով ճիշտ նժդեհականի կերպարն ու վարքագիծը։

Ի դեպ Նժդեհականությունը կուռ գաղափարական հոսանք չէ, պարզապես Գարեգին Նժդեհի գրվածքները վերցրել ու արհեստականորեն դարձրել են փսեվդո գաղափարախոսություն։ Այսինքն, եթե ասում ենք նժդեհականություն, ապա դրա տակ պետք է հասկանալ հայկական իրականության մեջ առկա նացիոնալիստական տրամադրությունները։ Եվ այս ազգայնական դեմագոգիայի ու նացիոնալիստական շիզոֆրենիայի պայմաններում օլիգարխիկ համակարգը օր օրի ծաղկում և զարգանում է, իսկ կապիտալիստները շարունակում են թալանել ժողովրդին հենց այդ գաղափարական դրոշի ներքո՝ հանուն ազգային շահերի։ Արդյունքում աստիճանաբար սաղմնավորվում է ՀՀԿ-ի նժդեհական ու առաքելական ամբողջատիրությունը։ Այլընտրանք չկա, քանի որ այլընտրանքային ուժերը այդ նույն տիրույթում են։

Կարպիս Փաշոյան
աղբյուր՝ hraparak.am