Գլխավոր / Առողջապահություն / Դատարանը ստացավ նոր ապացույցներ Ամուլսարի շահագործման աղետալի հետևանքների մասին

Դատարանը ստացավ նոր ապացույցներ Ամուլսարի շահագործման աղետալի հետևանքների մասին

Ամուլսարի հարակից Գնդևազ գյուղի բնակչները դատարան են ներկայացրել միջազգային փորձագետների եզրակացությունները որպես ապացույց, որ սարից ոսկու կորզումը բնապահպանական վտանգներ է պարունակում։

Վարչական դատարան ներկայացվել են Լիդիան ընկերության հանքաարդյունաբերական ծրագրին տված ամերիկյան Buka Enviromental-ի հիդրոերկրաքիմիական խնդիրների գնահատականը, ավստրալական «Blue minerals consultancy»-ի գնահատականը՝  Թթվային դրենաժի գոյացման պոտենցիալի և դրա՝ ջրային ռեսուրսների վրա ազդեցության վերաբերյալ, կանադական Clear Coast consulting-ի ուսումնասիրությունը՝ հանքավայրի տարածքում ջրի մշակման մասին։

Ըստ փորձագիտական հետազոտությունների՝ Լիդիանի ծրագիրը ենթադրում է թթվային և հանքաբեր ապարների գոյացման և արտազոտման զգալի ռիսկ, որը հանքաարդյունաբերության դադարից հետո էլ դեռ երկար կշարունակվի։ Արտահոսքի արդյուքնում ազդեցություն կկրեն Որոտան գետի մոտակա և Սպանդարյան֊Կեչուտ թունելի ստորգետնյա ջրերը։

Հանքաարդյունաբերության հետևանքով նաև մթնոլորտ կարտանետվի սնդիկ։ Սնդիկի կոնցենտրացիան ավելի քան 10 անգամ մեծ է, քան սահմանում են Համաշխարհային բանկի չափանիշները։

Դատական նիստին չէր ներկայացել պատասխանող, հանքաարդյունաբերական ծրագրին դրական եզրակացություն տված Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչը։ Որպես երրորդ անձ ներկա էր «Լիդիան֊Արմենիայի» փաստաբան Սայաթ Բադալյանը։ Դատարանը հետաձգել է նիստը՝ երեք օր ժամանակ վերցնելով ծանոթանալու միջազգային փորձագետների եզրակացություններին։

Հիշեցնենք, որ այս գործից դատավոր Կարեն Զարիկյանը հեռացրել է հայցվոր բնապահպանական կազմակերպություններին։ «Էկոիրավունքը» և «Էկոդարը» որոշումը բողոքարկել են Վարչական վերաքննիչ դատարանում։ «Էկոդարի» ղեկավար Արթուր Գրիգորյանը Epress.am-ին հայտնել է, որ Վարչական դատարանը առաջին նիստը նշանակել է 2019 թվականի ապրիլի 26֊ին։ «Բողոքարկման ինստիտուտը վարչական դատավարությունում դառնում է անիմաստ։ Դա դատական պաշտպանության ոչ արդյունավետ միջոց է այլևս։ Եվ դատարանի անօրինական գործողությունները բողոքարկելը ըստ էության դառնում է աննպատակ գործողություն։ Ստացվում է, եթե այսպես գնա, Ամուլսարի հանքավայրի շահագործումը կարող է սկսվել, ընթանալ, և հետո Վարչական դատարանը կարող է լսել մեր պատշաճ հայցվոր լինելու հարցը։ Աբսուրդը դուք ինքներդ գնահատեք», – ասել է Արթուր Գրիգորյանը։

Tekali Taxi