Հայկական բանակի սպայի կողմից գլխի շրջանում հրազենային ծանր վիրավորում ստացած նախկին զինծառայող՝ 21-ամյա Ալբերտ Դալլաքյանի բուժման հարցը չպետք է քաղաքականացնել։ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ իր ֆեյսբուքյան ստատուսի միջոցով մարդկային օգնություն է միայն ցուցաբերել։ Այս մասին «Տեսակետ» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ ասել է «Դիրքապահ» կազմակեպրության ղեկավար Մանուել Մանուկյանը։ ՀԿ-ն զբաղվում է 2016-ի ղարաբաղյան «քառօրյա պատերազմում» վիրավորների հարցերով։ Զինվորին հրազենային վիրավորում հասցրած սպան շարունակում է աշխատել բանակում, գործը նախաքննության փուլում է։
«Մինչև Պաշտպանության նախարարի ստատուսն Ալբերտ Դալլաքյանի համար հավաքված էր 500 հազար դրամ, մայրը լրիվ հուսահատվել էր մինչև չօգնեց նախարար Վիգեն Սարգսյանը։ Նա իր խոստման համաձայն բացեց սայթ, դրանից հետո արդյունք ստացանք։ Վիգեն Սարգսյանը եղավ իր խոսքի տերը և արեց դա»։ ՀԿ-ի ղեկավարը կարծում է՝ հարցը չպետք է քաղաքականացնել․ «Մենք կարող ենք ասել՝ Վիգեն Սարգսյանը որպես մարդ օգնել է»։
Epress.am-ի թղթակցի դիտարկմանը, թե կարելի՞ է ասել՝ Վիգեն Սարգսյանն իր ֆեյսբուքայն ստատուսներով ավելի շատ օգուտ է տալիս, քան նախարար լինելով՝ Մանուկյանը նշել է․ «Մենք չենք կարող գնահատել նրան»։
Դալլաքյանի բուժման համար հարկավոր է 49 հազար դոլար։ Մինչև այսօր հավաքվել է 30 հազարը։
«Կոչ եմ անում մի կողմ թողնել բոլոր խոսակցությունները և օգնել նրան։ Սա բարի նպատակ է և պետք է Ալբերտի դրսում վիրահատմանը ծառայի», – ասել է Մանուկյանը։
Epress.am-ի հարցին՝ ինչով էր պայմանավորված, որ Ալբերտի մոր՝ ամիսներ շարունակվող խնդրանքներից հետո Սարգսյանը որոշել է միայն հիմա ստատուս գրել և գումար հավաքել Ալբերտի բուժման համար, Մանուկյանը նշել է, որ անձամբ Վիգեն Սարգսյանն է հանդիպել Ալբերտի մորը, ասել՝ կոնկրետ ծրագրով Պաշտպանության նախարարությունը չի կարող ֆինասավորել։
Վիգեն Սարգսյանին պաշտպանող ասուլիսին ներկա էին նաև 2016-ի ապրիլյան մարտերի ևս երկու մասնակիցներ՝ Դանիել Դավթյանը և Հայկ Թորոսյանը։ Նրանք երկուսն էլ 1-ին կարգի հաշմանդամ են, գլխի պլաստիկ վիրահատություն են տարել, ունեն հետագա վիրահատության կարիք։ Նախկին զինվորները լուռ նստած էին, մինչև ասուլիսավարը, դիմելով իրենց «մի բան էլ դուք ասեք», խոսափողը դրեց նրանց առջև։
Տղաները դժվարանում էին խոսել, երևում էր, որ դա մեծ ֆիզիկական ջանքեր է պահանջում։ Նրանք հասցրեցին նույնպես կոչ անել օգնել Ալբերտին՝ նշելով, որ իրենց խնդրի համեմատ սա ավելի առաջնային է։ «Հուսով եմ, ամռանը ես վիրահատություն կտանեմ, կանցնի բարեհաջող ու ես չեմ ընկնի մարդկանց դռները, խնդրեմ, ասեմ, օգնեք իմ վիրահատությունը կատարեմ», – ասել է Դանիել Դավթյանը։
«Դիրքապահ» կազմակերպությունը, ըստ ղեկավարի, ֆինանանսավորում չունի և ստեղծվել է քառօրյայում վիրավորվածների կողմից։ ՀԿ-ն համագործակցում է Մշակույթի, Առողջապահության նախարարության հետ։ Պլանավորում են համագործակցել նաև ՊՆ-ի հետ։
«Նպատակն է պատերազմի մասնակիցներին միավորել։ Ով եղել է առաջնագծում, հասկանում է, որ պետք է ազգովի պայքարենք դրսի դեմ, քանի որ, եթե մենք մեր միջև սկսեցին պայքարելը, թուլացնելու ենք մեզ։ Մեր կոչն է՝ միավորվենք, և բոլորս միասին ինչ-որ լավ բան անենք, քանի որ չարին չարով պատասխանը էլի բացասական է տալու։ Եթե չար էլ է ծնվում, պետք է խեղդել նրան», – ամփոփել է նախարարին պաշտպանող նախկին զինվորը։
Ըստ պաշտոնական վարկածի՝ Ալբերտ Դալլաքյանը վիրավորում է ստացել 2016թ. հունիսի 24-ին Հադրութի զորամասերից մեկի մարտական դիրքի գետնատնակում՝ դասակի հրամանատար, լեյտենանտ Ավագ Նահապետյանի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:
Զինծառայողի մայրը՝ Արմինե Ղազարյանը, ամիսներ շարունակ դիմել է ՊՆ՝ որդու բուժումը արտերկրում շարունակելու համար, սակայն մերժում է ստացել։ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունվարի 13-ից ֆեյսբուքյան պաշտոնական իր էջով դրամահավաք էր սկսել Դալլաքյանի բուժումը արտասահմանում կազմակերպելու համար։ Սոցցանցի օգտատերերից մեկը մեկնաբանություն էր գրել․ «1000 դրամները պրծա՞ն, թե թազա բոշության ձև է»։ Ի պատասխան Սարգսյանը գրել է․ «Բոշան դու ես»։ Այնուհետև նախարարը հետևողականորեն ջնջել էր բոլոր քննադատող մեկնաբանությունները։