հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Առողջապահություն / Աստվածավախ նախարարը զինվորի բուժման համար փող է հավաքում և վիրավորում սոցցանցի օգտատերերից մեկին

Աստվածավախ նախարարը զինվորի բուժման համար փող է հավաքում և վիրավորում սոցցանցի օգտատերերից մեկին

Սպայի կողմից գլխի շրջանում հրազենային ծանր վիրավորում ստացած նախկին զինծառայող՝ 21-ամյա Ալբերտ Դալլաքյանի բուժման համար Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունվարի 13-ից ֆեյսբուքյան պաշտոնական իր էջով դրամահավաք է սկսել՝ ընդունելով, որ արտերկրում Դալլաքյանին ավելի արդյունավետ կօգնեն, քան Հայաստանում։ Զինծառայողի մայրն ամիսներ շարունակ դիմել է ՊՆ՝ որդու բուժումը արտերկրում շարունակելու համար, սակայն մերժում է ստացել, իսկ սպան շարունակում է ծառայել զորամասում։

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Դալլաքյանը վիրավորում է ստացել 2016թ. հունիսի 24-ին Հադրութի զորամասերից մեկի մարտական դիրքի գետնատնակում՝ դասակի հրամանատար, լեյտենանտ Ավագ Նահապետյանի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով: Գործի քննությունը դեռ շարունակվում է։

Դեռևս անցած տարվա վերջին Forrights.am կայքը հոդված էր հրապարակել Դալլաքյանի մասին, որում զինվորի մայրը՝ Արմինե Ղազարյանը, պատմել էր, որ որդու ուղեղի մի մասը վնասված է։ Առաջին կարգի հաշմանդամ դարձած որդուն Պաշտպանության նախարարությունը մերժել է արտասահման ուղարկել՝ ասելով, որ արտերկրում զինծառայողների բուժումը կազմակերպելը նախարարության իրավասությունը չէ։ Փոխարենը Դալլաքյանին ուղղորդել են Առողջապահության նախարարություն: Այնտեղ ևս հրաժարվել են պետբյուջեից գումար տրամադրել՝ առաջարկելով Հայաստանում կատարել վիրահատությունը։ Մոր խոսքով, սակայն, Հայաստանում նման վիրահատությունն արվում է հին սարքավորումով, ինչը էական ռիսկ է պարունակում։ Դալլաքյանի մայրը նաև ընդգծել է, որ սպան շարունակում է ծառայել նույն զորամասում։

Նախօրեին Պաշտպանության նախարարը Դալլաքյանի համար դրամահավաք է սկսել՝ նշելով, որ դա «մարդասիրական լրացուցիչ ջանք է»․ «Օրենքով մենք չենք կարող փոխհատուցել արտերկրում այդ վիրահատության կատարումը, քանի որ այդ վիրահատությունը հնարավոր է կազմակերպել նաև Հայաստանում: Բայց արտերկրի կլինիկաներում, որ ունեն անհամեմատ ավելի մեծ փորձ և հմտություններ այս հարցում, Ալբերտի արագ ապաքինման հավանականությունն անհամեմատ մեծ է: Ես եմ խորհուրդ տվել ընտանիքին փորձել նման դրամահավաքի միջոցով հավաքել անհրաժեշտ գումարը: Ես անձամբ և իմ մի քանի ընկեր կտրամադրենք պահանջվող գումարի ($45.000) 10 տոկոսը: Կոչ եմ անում բոլորիդ, ով կարող է, միանանք այս դրամահավաքին և օր առաջ օգնենք Ալբերտի ընտանիքին հավաքել անհրաժեշտ գումարը: Նույնիսկ պարզապես այս կոչիս տարածումը ձեր կողմից ևս կարող է օգնել: Աստված պահապան Ալբերտին, մեր բոլոր հերոսներին, բանակին և ժողովրդին»։

ՊՆ նախարարի դրամահավաքի կոչին արձագանքել են սոցցանցի օգտատերերը։ Նրանցից մի քանիսը հարց էին ուղղել՝ արդյոք նախարարը նորմալ երևույթ է համարում դրամահավաքի միջոցով նման վիրահատություն կազմակերպելը։

Պետրոս Սարգսյան անունով օգտատերերն էլ գրել է․ «1000 դրամները պրծա՞ն, թե թազա բոշության ձև է»։ Ի պատասխան Սարգսյանը գրել է․ «Բոշան դու ես»։

Ի դեպ, նախարարը հետևողական կերպով ջնջել է բոլոր «տհաճ» մեկնաբանությունները։

Վիգեն Սարգսյանի «պաշտպանությունը» սոցցանցում ստանձնել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը․ «Ամեն մեկին թվում է, թե մի քանի հազարով մի քանի զինծառայողի օգնելով պետությունից ու նախարարությունից շատ են օգնել մարդկանց։ Սխալվում եք։ ՊՆ-ից ավելի շատ ոչ մեկը չի օգնում ու չի կանգնում նրանց կողքին»։