Home / Բանակ / Ինքնասպան զինվորը և բանակային իրական պատմություններ

Ինքնասպան զինվորը և բանակային իրական պատմություններ

Երևանում Բանակի օրվանը հաջորդեցին մի քանի հակամիլիտարիստական ակցիաներ: Բացի ծառայության վերաբերյալ հարցադրումների, քաղաքի փողոցներում և սոցցանցերով անանուն տարածվում էին ինքնասպան զինվորի պատկերը, բանակային զոհերի մասին պաշտոնական տեղեկագրերը և նախկին զինվորների պատմություններից մեջբերումները:


«Երկու շաբաթվա մալադո էի, 2-րդ գումարտակի պատուհանից մեկը քցվեց, ոտքերը ջարդել էր, ասել էին, որ դատվելու ա ու որ սաղին փուռն ա տվել»։

«Որ առաջին անգամ լսեցի ոնց են քֆուրով ամբողջ վաշտը շարային քայլացնում, մտածեցի աֆիցեռ ա, բայց հասարակ զինվոր էր»։

«Մեր վաշտում մի հատ տղա կար, ածականը Թևքաշ, առաջին պոստի ժամանակ ինքն իրա ուսից կրակել էր, էն էլ համոզեցին, որ պատահական ա կրակել, որ չդատվի․ բայց մեկ ա դատվեց»։

«Կառանտինում մի հատ տաշիրցի էրեխա կար, ամեն շաբաթ չաստից թռնում էր ու տռասով քայլում տուն մինչև չբռնեն․ համոզեցի, որ էլ չթռնի, որ իրա սեռժանտին չդատեն։ Պրիսյագից հետո տարան գժանոց, հետո որ բերեցին էլ ոչ մեկ չէր նեղում»։

«Մեր պոստում յաչեյկա սարքելու համար միննապոլյաից շպելեր էինք բերում, կամբատը ավագին գովաց, որ յաչեյկեքը տեսավ, բայց ամառը բռոնիկը հանելու համար գուբախտ էր ուղարկում»։

«Մեր պոստում մի հատ Սպիտակ կար, խելոք էրեխա էր, մի չորս անգամ զենքը ստուգելուց համարյա մարդ էր խփում․ կարողա ինադու էլ անում էր»։

«Մեր մոտ մեկ ռազվեդկից էին վախում, մեկ կամիսյաից»։

«Մի հատ պայմանագրային սերժանտ կար, Մխո, Օպել էր առել, ասում էր հենց պրծնի կանտռակտը գնալու ա Ռուսաստան»։

«Մի անգամ թուրքի Գոգվելի պոստից էրկու հոգի հելել էին, ձեռով էին անում, ես էլ ձեռով արեցի»։

«Մի հատ Սաքո կար մեր պոստում, զենքը քաշեցի վրեն, ուզում էի սատկցնեմ։»

«Չոտկի պոստում ավելի լավ ա, քան չաստում, գոնե ինչ֊որ իմաստ կա»։

«Մի հատ Տաշիր կար մեր պոստում, պեկա էր զենքը, մի անգամ պոստից սկսում ա բրախել ադրբեջանական գյուղի վրա, վազելով էկա, քֆուր տվի, ասում ա մեկին խփեմ օտպուսկ տան»։

«Մի հատ երևանցի կար, Բուռնաչյան, վզին դրել էին, չայնին թալանեց, որ պարտքը տա, նստցրին»։

Ակտիվիստները, հղում անելով հայաստանյան և ադրբեջանական իրապաշտպան և լրագրողական կազմակերպությունների տվյալներին, ներկայացնում են մարտական և ոչ մարտական մահացությունների քանակը.

ըստ «Խաղաղության երկխոսութուն» կազմակերպության մշտադիտարկման տվյալների՝ 2017 թվականի ընթացքում Հայաստանում և Արցախում գրանցվել է զինծառայողների մահվան 59 դեպք, որից 22 զինծառայողներ մահացել են հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, իսկ 37֊ը՝ ոչ մարտական պայմաններում։

Ըստ Ադրբեջանական «Խազար» ռազմական հետազոտությունների կենտրոնի՝ 2017 թվականին Ադրբեջանի զինված ուժերում եղել է 59 մահվան դեպք, որից 19֊ը մարտական պայմաններում, իսկ 40֊ը՝ ոչ մարտական։