Home / Դատարան / Համայնքի հողերը փակ աճուրդներով օտարելը համասահմանադրական է ճանաչվել 

Համայնքի հողերը փակ աճուրդներով օտարելը համասահմանադրական է ճանաչվել 

Սահմանադրական դատարանը հունվարի 30-ին հակասահմանադրական է ճանաչել Հողային օրենսգրքի կարգավորումը, համաձայն որի համայնքապատկան հողերի  օտարման աճուրդներն անցկացվում են փակ նիստով։  Խնդրո առարկա իրավակարգավորումը (Հողային օրենսգրքի 68֊րդ հոդվածի 6֊րդ կետ) հակասում է  Սահմանադրության 42-րդ՝ Կարծիքի արտահայտման ազատությունը, 78-րդ՝ Համաչափության սկզբունքը և 79-րդ՝ Որոշակիության սկզբունքը հոդվածներին, հետևաբար՝ անվավեր է:

ՍԴ դիմած «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի լրագրող Սառա Պետրոսյանի խոսքով՝  համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև լրագրողների մուտքն արգելելը խախտում է  գործընթացի թափանցիկությունը և կոռուպցիոն ռիսկեր է ստեղծում։

«Ընդհանրապես պետք է լինի անկախ աճուրդային կենտրոն, որին համայնքը պետք է դիմի, և պետք է շահագրգռված լինի, որպեսզի համայնքապատկան հողերը վաճառվեն թանկ գնով։ Այս վաճառքները համայնքի բյուջեի համալրման հիմնական միջոցներից են։  Իսկ մեզ մոտ համայնքի ղեկավարը պայմանավորվում է մի գնորդի հետ, ձևականորեն ներգրավում են երկրորդ գնորդի, քանի որ աճուրդ չի կարող  արվել մեկ գնորդի դեպքում։  Համայնքապետը գնորդից կաշառք է վերցնում, կիսվում է մարզպետի և կադաստրի պետի հետ, և հողը վաճառում ցածր գնով», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Սառա Պետրոսյանը։

Ըստ Պետրոսյանի հետազոտությունների՝  համայնքապատկան հողերը էժան գներով օտարելու պատրվակ է հանդիսանում այն, որ  աճուրդների մեկնարկային գնի հարցում համայնքապետարանը առաջնորդվում է կադաստրային արժեքով, և շուկայական գնահատում չի իրականացնում։

«Հողի կադաստրային արժեքի գնահատում վերջին անգամ կատարվել է 1997թ․֊ին։ Համայնքների մեծ մասը, անտեսելով վերջին 15 տարիների դրամի արժեզրկումը և անշարժ գույքի արժեվորումը տասնյակ միլիոններով, շարունակում են վաճառքն իրականացնել կադաստրային արժեքի 50-100 տոկոսով»,֊ ասված է « Աճուրդների իրականացման գործընթացը տեղական ինքնակառավարման մարմիններում» հետազոտությունում։

Հողային օրենսգրքի վերոնշյալ թերությունները վերացնելու համար, մինչ   Սահմանադրական դատարան դիմելը,   «Հետաքննող լրագրողներ» ՀԿ֊ն իր եզրակացություններն ու մտահոգությունները ներկայացրել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում 2016 թվականին։  Հետազոտողի առաջարկությունների հիման վրա Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը և Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն երկամսյա ժամկետում Կառավարության աշխատակազմ պետք է ներկայացնեին օրենսդրական փոփոխությունների փաթեթ՝ քննարկելու և Ազգային ժողով ներկայացնելու համար: Սակայն  բարձրացված խնդիրները վերացնող  օրենսդրական փոփոխություններ մինչ այժմ չեն ներկայացվել։

Tekali Taxi