Երևանի քաղաքապետարանի ընթացիկ տարվա գնումների պլանում նախատեսված է 97080 լիտր պրեմիում տեսակի բենզին, ընդ որում՝ մեկ լիտրի արժեքը սահմանված է 390 դրամ։ Այս մասին գրել է Armlur․am՝ նշելով, սակայն, որ բենզալցակայաններում այս տարվա ընթացքում արդեն նույն պրեմիում տեսակի բենզինը հասցրել է թանկանալ` դառնալով 470-480 դրամ: 97080 լիտր պրեմիում տեսակի բենզինը գնելու համար քաղաքապետարանը նախատեսել է 36 մլն 890 հազար 400 դրամ։
Քաղաքապետարանն ընթացիկ տարում նախատեսում է գնել երկու մարդատար ավտոմեքենա՝ յուրաքանչյուրի համար վճարելով 20 հազար դոլար։ Ինչ վերաբերում է քաղաքապետարանին պատկանող 49 ավտոմեքենաների պահպանմանը, ապա ծախսվելու է 220 մլն 500 հազար դրամ, մեկ ավտոմեքենայի պահպանման համար տարեկան 4.5 մլն դրամ:
Նախատեսված է գնել 60 հատ բնական հյութ, յուրաքանչյուրը՝ 1200 դրամ: Հյութից բացի` կգնվի նաև 35 հատ շոկոլադ, յուրաքանչյուրը՝ 6500 դրամ, իսկ ընդհանուր կոնֆետների համար կծախսվի 227 հազար 500 դրամ: Գնվելու է նաև 32 հատ 2500 դրամանոց լուծվող սուրճ: 600 հատ ապակյա շշով ջրի համար Քաղաքապետարանը վճարելու է 90 հազար դրամ, գազավորված հանքային ջրի համար` 30 հազար 450 դրամ:
Հուշանվերների գնման համար (հայտնի չէ, թե կոնկրետ ի՞նչ հուշանվերների մասին է խոսքը, Քաղաքապետարանը նախատեսում է ծախսել 45 մլն դրամ: Ծաղիկների համար նախատեսված է ծախսել 8 մլն դրամ: Ընդ որում՝ միայն 100 հատ ծաղկային կոմպոզիցիայի համար պետական մարմինը մտադիր է վճարել 3 մլն դրամ: Բացի դա, նախատեսվել է գնել նաև 10 հազար դրամանոց 200 հատ ծաղկային կոմպոզիցիա` ընդհանուր ծախսելով 2 մլն դրամ, և 60 հատ ծաղկային կոմպոզիցիա` պսակ` 50 հազար դրամանոց, որի համար ընդհանուր ծախսվելու է դարձյալ 3 մլն դրամ:
Ավիատոմսերի ձեռքբերման համար նախատեսվում է հատկացնել 20 մլն դրամ, Քաղաքապետարանի խնջույքների համար՝ 35 մլն դրամ, հյուրանոցային ծառայությունների համար դարձյալ 35 մլն դրամ:
Երևանի փողոցների, մայթերի, բակային տարածքների սալահատակման և ասֆալտապատման աշխատանքների համար նախատեսվել է ծախսել 3 մլրդ 12 մլն 600 հազար դրամ: Ի դեպ, այս աշխատանքերի մեջ մտնում է նաև եզրաքարերի հիմնանորոգումը, շենքերի, շինությունների նորոգումը և այլն: