«Երկիր Ծիրանի»-ի կողմից Նուբարաշենի բանտի կոյուղաջրերը քաղաքապետարան հասցնելուց 3 օր անց կոյուղին վերանորոգվել է։ Epress.am-ի հետ զրույցում Նուբարաշենի բնակիչներից մեկը պատմել է, որ վերանորոգման աշխատանքները թեև ավարտվել են ուրբաթ օրը՝ փետրվարի 16-ին, սակայն գարշահոտը դեռևս չի կտրվել։
«Եկան, նորոգեցին, սակայն այն կեղտաջրի լճակը, որ տարիների ընթացքում կուտակվել էր, այդպես էլ մնացել է, գոնե հողով չեն ծածկել, դրա համար էլ դեռևս հոտը չի կտրվել», – Նուբարաշենի բնակչի խոսքով՝ իրենց շենքին հարող հատվածի կոյուղին վերանորոգել են, սակայն բանտի այլ մասերում աշխատանքները շարունակում են։
Վերանորոգման աշխատանքներն իրականացնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը։
«Մեզ խնդրել էին մի հատ կոյուղագիծ կառուցել, արեցինք մենք։ 110-120 մետր խողովակ ենք դրել։ Այդ խողովակը և 4 հատ կոյուղու դիտահոր տվել է ՔԿՀ-ն։ Իսկ տեխնիկան և բանվորները մերն են», – ասել է ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը։
Հարցին, թե ինքան գումար է ընկերությունը ծախսել, Սարգսյանը նշել է, որ այս պահին նրանք «բարեկամաբար են օգնել»․ «Չգիտեմ, թե ինչպես կզարգանա։ Մարդիկ խնդրել են, մենք էլ արել ենք»։
Հիշեցնենք, որ նուբարաշենցիները տարիներ շարունակ բողոքել են, որ բանտի կոյուղու վնասված խողովակներից դուրս եկող կեղտաջրի հոտը հասնում է իրենց բնակարաններ՝ անտանելի պայմաններ ստեղծելով։ Երկար տարիների ընթացքում, սակայն, նրանց խնդիրը գրեթե ոչ մի իրավասու մարմին չի փորձել լուծել։
Փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները փորձել են քաղաքապետին ծանոթացնել «Նուբարաշենի հոտի հետ»՝ կեղտաջրերով տարաներ բերելով նիստերի դահլիճ, սակայն Ավագանու ՀՀԿ֊ական անդամները հարձակվել են խմբակցության ներկայացուցիչներ Մարինա Խաչատրյանի և Սոնա Աղեկյանի վրա և ծեծել նրանց։
Նույն օրը ՀՀԿ֊ականների գործողությունները դատարատող բողոքի ակցիայի մասնակցիները Երևանի քաղաքապետարանում ոստիկանների կողմից ևս բռնության են ենթարկվել։