Գլխավոր / Կրթություն / ԵՊՀ փոխդեկանը սպառնում է ակտիվ ուսանողներին

ԵՊՀ փոխդեկանը սպառնում է ակտիվ ուսանողներին

«ԵՊՀ Ռեստարտ» ուսանողական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ մարտի 20-ին ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի փոխդեկան Էդգար Քալանթարյանը (նկարում) կանգնել է Պալեանների դահլիճի դիմաց և թույլ չի տվել, որպեսզի ուսանողները մասնակցեն «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի քննարկմանը, որը կազմակերպել էր «ԵՊՀ Ռեստարտ նախաձեռնությունը։

«Մինչ կառավարությունն ու ԵՊՀ ղեկավարությունը բարձր ամբիոններից վերամբարձ տեքստեր են կարդում ուսանողակենտրոն կրթական համակարգի և ակադեմիական ազատությունների մասին, այդ նույն ժամանակ ԵՊՀ-ում խոչընդոտում են ուսանողների ազատ տեղաշարժման և կամարտահայտման բնական իրավունքները։ Մասնավորապես՝ մարտի 20-ին ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի փոխդեկան Էդգար Քալանթարյանը կանգնել էր Պալեանների դահլիճի դռների դիմաց և փաստացի թույլ չէր տալիս, որպեսզի ուսանողները ներս մտնեն ու մասնակցեն «Բարձրագույն կրթության մասին» օրենքի քննարկմանը՝ պատճառաբանելով, թե դասերն ավելի կարևոր են և ուսանողները պետք է այդ ժամանակ դասի լինեն: (ՀՀ Սահմանադրության հոդված 42-ով․ Յուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով եւ չի խախտում այլոց իրավունքները եւ ազատությունները: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով, իսկ հոդված 5-ով․ Պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով):

Հաշվի առնելով այն փաստը, որ փոխդեկանի անթույլատրելի վարքագծի վերաբերյալ բարձրաձայնել են մի շարք ուսանողներ և լռելը կհանգեցնի խնդրի էլ ավելի խորացմանն ու կրկնվելու անխուսափելիությանը, «ԵՊՀՌեստարտ»-ը կարիք է զգում հանրայնացնել, որ նախաձեռնության անդամներից երկուսը՝ Յուրա Մովսեսյանը և Անի Վարդանյանը անձնական զրույցի նպատակով հրավիրվել են դեկատանատ և նույն անձի կողմից ստացել են «բարի խորհրդի» վարագույրի տակ թաքնված զգուշացում, որ այդպիսի գործերով (նկատի ունենք «ԵՊՀՌեստարտ» նախաձեռնության շրջանակներում ծավալած գործունեությունը) պետք չէ զբաղվել, քանի որ դա կարող է բերել վատ հետևանքների։

Ակնհայտ է, որ փոխդեկանի նման վարքագիծը արդյունք է հստակ ուղղորդման։

Համանման իրավիճակները լուռ վկայությունն են այն բանի, որ ինչպես ԵՊՀ-ն, այնպես էլ ամբողջ կրթական համակարգը թաղված են խորը ճահճի մեջ։ Հակառակ դեպքում գիտնական-մանկավարժը երբևէ այդպիսի պարզունակ մանրախնդրության չէր դիմի, ինքն իր բարձր կոչումը հողին չէր հավասարեցնի, այլ ընդհակառակը՝ կգար ու իր ներկայությամբ կխրախուսեր ուսանողների քննական միտքն ու պայքարելու ինչ-որ դրական փոփոխությունների հասնելու ձգտումները։

Միջադեպերը ապացույցն են նաև այն իրողության, որ ո՛չ կառավարությունը և ո՛չ էլ ԵՊՀ-ն որևէ կերպ հակված չեն կրթական համակարգում բարենորոգումներ իրականացնել։ Օրենքի նախագիծը պարզապես թղթի կտոր է, իսկ մեկնարկած գործընթացը՝ ընդամենը կեղծիք։

«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը դատապարտում է փոխդեկան Էդգար Քալանթարյանի հակամանկավարժական և հակաիրավական վարքագիծը՝ հույս հայտնելով որ նա ոչ միայն պատասխանատվության կենթարկվի, այլ նաև կհասկանա, թե արժեքային ինչպիսի ցածր տիրույթում է հայտնվել։ Այսպիսի պայմաններում «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությանը այլ ելք չի մնում, քան պայքարը շարունակել էլ ավելի ուժգնությամբ ու վճռականությամբ, քանի որ հիվանդ կրթական համակարգը պետք ունի վիրահատական հրատապ միջամտության»։

Ավելի վաղ թեմային Ֆեյսբութքում անդրադարձել է լրագրող Կարպիս Փաշոյանը․ «․․․Հրավիրում եմ լրատվամիջոցների, իրավապաշտպան կազմակերպությունների և բոլոր մտահոգ քաղաքացիների ուշադրությունը:

Նկարում պատկերված է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի փոխդեկան Էդգար Քալանթարյանը: Վերջինս արդեն տևական ժամանակ է ինչ զբաղված է իր պաշտոնական դիրքը չարաշահելով և հակաիրավական, հակամանկավարժական վարքագիծ դրսևորելով․․․

Այս պարոնը պարբերաբար իր մոտ է հրավիրում ակտիվ ուսանողներին և հորդորում դադարեցնել ակտիվ գործողությունները ու չպայքարել: Բանից պարզվում է, որ փոխդեկանը անուղղակիորեն սպառնում է ուսանողներին՝ զգուշացնելով հնարավոր հետևանքների մասին: Ցինիզմը հասել է այնտեղ, որ նույնիսկ զանգահարել է «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության անդամ աղջիկներից մեկի հայրիկին:

Համալսարանը համակենտրոնացման ճամբար չէ և արժեքային այսպիսի ցածր տիրույթում գտնվող մարդիկ պետք է հեռացվեն կրթական համակարգից»: