Home / Ոստիկանություն / Կեմերովոյի ժամանցի կենտրոնում 60-ից ավել մարդ է մահացել հրդեհի հետևանքով

Կեմերովոյի ժամանցի կենտրոնում 60-ից ավել մարդ է մահացել հրդեհի հետևանքով

Ռուսաստանյան Կեմերովո քաղաքի կենտրոնում գտնվող «Ձմեռային բալ» առևտրի և ժամանցի կենտրոնում մարտի 25֊ին հրդեհ է բռնկվել, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, մահացել է առնվազն 64, անհետ կորել՝ ավելի քան 10 մարդ։ Հրդեհի պատճառը, ինչպես հայտարարել է Ռուսաստանում երեխայի իրավունքների հանձնակատար Աննա Կուզնեցովան, անփութությունն է եղել։ Նրա խոսքով՝ հրդեհը պետք է խթան դառնա երկրի բոլոր առևտրի կենտրոններում ստուգումներ անցկացնելու համար։

Հրշեջները կրակը չեն կարողացել մարել ողջ գիշեր։ Որոշ ժամանակ կրակի դեմ պայքարը տարվել է միայն դրսում, քանի որ ԱԻՆ աշխատակիցների ներսում գտնվելը վտանգավոր էր հնարավոր փլուզումների, ծխի, զրոյական տեսանելիության ու բարձր ջերմաստիճանի (շուրջ 700 աստիճան) պատճառով։ Կրակի բաց աղբյուրները հաջողվել է մարել միայն Մոսկվայի ժամանակով առավոտյան 7֊ի սահմաններում։

Զոհերի մեծ թիվը, ըստ նախնական տվյալների, պայմանավորված է կրակի արաջ տարածմամբ, ծխի թունավոր լինելով և առևտրի կենտրոնում հրդեհային ահազանգման համակարգի անսարք վիճակով։ Բուժօգնության համար դիմել է 32 մարդ, որոնցից 30֊ը հոսպիտալացվել է։

Կեմերովոյի շրջանի փոխմարզպետի խոսքով՝ կրակը բռնկվել է մանկական բատուտի սենյակում, ուր երեխաներից մեկը կրակայրիչ էր բերել։ Կրակն արագ սկսել է տարածվել՝ արդյունքում ծածկելով 1500 քմ։

Հրդեհային ահազանգման համակարգի անսարք լինելու ու չգործելու պատճառով, առևտրի կենտրոնի աշխատակիցներն ստիպված են եղել այցելուներին անձամբ տեղեկացնել հրդեհի մասին։ Ստեղծված խուճապի արդյունքում արգելափակվել է ելքը, և ոմանք ստիպված են եղել դուրս ցատկել պատուհաններից կամ բարձրանալ տանիք, որտեղից նրանց սանդուղքներով իջնել են օգնել հրշեջները։

Տեղական օրաթերթերից մեկի հաղորդմամբ՝ առևտրի կենտրոնում գործում էր կոնտակտային կենդանաբանական այգի, որի բոլոր կենդանիները սատկել են։

Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ երեք հոդվածներովով` անզգուշությամբ մահ պատճառելը, հրդեհային անվտանգության պահանջների խախտում, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցում: Կեմերովոյի շրջանի դատախազությունն դեպքի առթիվ իր սեփական փորձաքննությունն է սկսել: Կասկածյալների ձերբակալության մասին դեռևս չի հաղորդվում:

Tekali Taxi