Home / Դատարան / Տիգրան Մազմանյանի դեմ հարուցված քրգործը շինծու է․ փաստաբան

Տիգրան Մազմանյանի դեմ հարուցված քրգործը շինծու է․ փաստաբան

Ապրիլի 14֊ին Հանրային ռադիո մուտք գործելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում ապրիլի 20֊ի գիշերը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի որոշմամբ ակտիվիստ Տիգրան Մազմանյանը կալանավորվել է երկու ամսով։ Մազմանյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանն Epress.am֊ի հետ զրույցում քրգործն անվանել է շինծու։

«Տիգրան Մազմանյանի կալանավորման պրոցեսը շինծու է։ Նրա գործողությունները հստակ երևում են տեսանյութում։ Այս պահին հստակ չենք կարող ասել, թե ինչ ենք պատրաստվում անել, սակայն նշեմ, որ գրավի դիմաց ազատ արձակելու դիմումը դատարանը ևս մերժել էր»,֊ ասել է Ռևազյանը։

Տիգրան Մազմանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2 մասի հատկանիշներով՝ «Զանգվածային անկարգությունների ժամանակ գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը»։

«Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Մանե Թանդիլյանը, Արտակ Զեյնալյանը և Գևորգ Գորգիսյանը երաշխավորագիր էին ներկայացրել Մազմանյանի համար, Նիկոլ Փաշինյանն էլ ռադիոյի շենքում կատարվածն իր պատասխանատվությունն է համարել, սակայն դատարանը վճռել է կալանավորել Մազմանյանին։

Նույն գործի շրջանակներում ձերբակալվել էր նաև 16-ամյա Էրիկ Խաչատրյանը, որին դատարանը դեռ մեղադրանք չի առաջադրել:

Նշենք, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող #ԻմՔայլը և «Մերժիր Սերժին» նախաձեռնություններն ապրիլի 13֊ից շուրջօրյա հանրահավաքներ և անհնազանդության ակցիաներ են իրականացնում։

Tekali Taxi