«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը, որը կալանավորվել էր ապրիլի 23-ին, արդեն 12 օր հացադուլի մեջ է։ Սահմանափակված են նրա տեսակցություններն ու հեռախոսազանգերը նույնիսկ ընտանիքի անդամների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում մայիսի 6-ի ուշ երեկոյան գրել է փաստաբան Տիգրան Եգորյանը՝ ընդգծելով, որ Չուգասզյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը անողջամիտ և անտրամաբանական է։
Չուգասզյանը կալանավորվել էր 2015-ի ապրիլի 24-ին ընդառաջ զանգվածային անկարգությունների նախապատրաստման մեղադրանքով, օրեր անց նրա խափանման միջոցը փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ:
Հետագայում, ըստ Քննչական կոմիտեի, անհրաժեշտություն էր առաջացել Գարեգին Չուգասզյանի մասնակցությամբ քննչական գործողություններ իրականացնել, ուղարկվել էին ծանուցագրեր, բայց Չուգասզյանը չէր ներկայացել, նա փոխել է բնակության վայրը՝ առանց պատշաճ կերպով ծանուցելու նախաքննական մարմնին: Դատարանը որոշել էր Չուգասզյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը:
Հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի տարածքը գրավելուց հետո անհետացած Չուգասզյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ «Սասնա ծռեր» խմբի անդամներից ոմանք «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչներ էին։
2018թ. ապրիլի 23-ին Չուգասզյանը դուրս է եկել ընդհատակից և միացել է համաժողովրդական հեղափոխությանը՝ գալով Հանրապետության հրապարակ: Ապրիլի 24-ին նա ձերբակալվել է, այնուհետև՝ կալանավորվել:
«Գարեգին Չուգասզյանը հետապնդվում է դեռևս 2015թ. ապրիլին զանգվածային անկարգություններ կազմակերպպելու նախապատրաստման մեջ, նույն այն մեղադրանքով, որով քրեական հետապնդում է իրականացվում Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Պավլիկ Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի նկատմամբ։
Ըստ էության, նրանք մեղադրվում են այն բանի համար, որ կոչեր են արել շուրջօրյա, երկարատև քաղաքացիական անհնազանդության խաղաղ հավաքների և փորձել են այդ միջոցով իշխանափոխություն իրականացնել և ազատվել ռեժիմից:
Հիշյալ մեղադրանքի շինծու և քաղաքական բնույթի մասին շատ է խոսվել, այդ թվում՝ նաև Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի դատավարության ընթացքում, ուստի մեղադրանքի դատարկության մասին խոսելն ավելորդ է, այդ հարցն այլևս որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում:
Գարեգին Չուգասզյանը կալանավայրից բարձրացրել է քաղբանտարկյալների օր առաջ ազատ արձակման անհրաժեշտության մասին և այդ կապակցությամբ հայտարարել անժամկետ հացադուլ:
․․․Նա խիստ հյուծված է, ինչի վրա նաև մեծ ազդեցություն են ունեցել մինչև կալանավորվելը քաղաքական հետապնդումներից խուսափելու նպատակով ընդհատակում գտնվելու անբարենպաստ պայմանները, ինչով և պայմանավորված նրա առողջությանը սպառնացող վտանգն էլ ավելի մեծ է գնահատվում:
Գարեգին Չուգասզյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը, բացի ապօրինի լինելուց նաև խիստ անողջամիտ և անտրամաբանական է, համաժողովրդական շարժմանը միանալով նա ապացուցել է, որ հնարավոր քրեական հետապնդումից խուսափելու նպատակ չունի», -գրել է Եգորյանը: