Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի 10 անդամներ, ավագանու 1 անդամ ՕԵԿ-ից և 2 անդամ ԲՀԿ-ից Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու համար ավագանու նիստ գումարելու նախաձեռնությամբ են հանդես եկել՝ այն նշանակելով մայիսի 16-ին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Գյումրու ավագանու «Գալա» խմբակցության անդամ Լևոն Բարսեղյանը՝ ընդգծելով, սակայն, որ նշանակված նիստի ժամկետն ապօրինի է։
«ՏԻՄ օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ կետում ասվում է, որ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացնելուց հետո` երրորդ աշխատանքային օրը` ժամը 10.00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում գաղտնի քվեարկությամբ որոշվում է համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցը: Ամսի 14-ից հաշված երրորդ օրը ամսի 17-ն է, ոչ թե՝ 16-ը»,֊ գրել է Բարսեղյանը։
Սա, սակայն, օրենքի միակ կետը չէ, ըստ Լևոն Բարսեղյանի, որ Գյումրու ավագանին խախտել է․ «Նույն 68-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացվելուց հետո` 36 ժամվա ընթացքում, նախաձեռնող խմբի մեջ չմտնող ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ևս ներկայացնել համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծ` առաջադրելով համայնքի ղեկավարի այլ թեկնածու: Այսինքն՝ օրենքով մինչև մայիսի 17-ը, ժամը 10:00-ն ավագանու առնվազն 11 այլ անդամներ նույնպես կարող են թեկնածու առաջադրել քաղաքապետի պաշտոնի համար: Ու հանրապետական իմաստունները նիստը նշանակում են ամսի 16-ին՝ 24 ժամ հետո՝ զրկելով ավագանու մյուս անդամներին 36 ժամում այլ թեկնածու առաջադրելու հնարավորությունից. մարդ է ու ուզում են թեկնածու առաջադրել 30-րդ ժամում»։
Ավագանու անդամի կարծիքով՝ շուտափույթ ավագանու նիստ հրավիրելու պատճառները երկու սցենարով կարող են զարգանալ։
«Ակնհայտորեն սա ներքին հեղաշրջում չէ, բոլորը Բալասանյանի քաղաքական և անձնական մերձավորներն են, այդ թվում՝ քաղաքապետի իրենց առաջ քաշած թեկնածուն՝ Տիգրան Հովհաննիսյանը, որը որևէ քաղաքական կամ քաղաքացիական ակտիվությամբ կամ նախաձեռնողականությամբ աչքի չի ընկել: Ամենայն հավանականությամբ (91%) կամենում են տապալել անվստահություն հայտնելու իրենց իսկ նախաձեռնած ակցիան՝ դրանով վստահություն հայտնելով Բալասանյանին: Երկրորդ՝ քիչ հավանական սցենարը (8%), իսկապես Բալասանյանին չարչարանքներից ազատելն է, ու քաղաքապետի պաշտոնը իրենց կուռ 17 հոգանոց ավագանիով քաղաքական ասպարեզում անհայտ իմ գործընկերոջը հանձնելն է, որին, ըստ օրենքի, մեկ տարի անվստահություն հայտնելու իրավունք չի ունենա ավագանին»,֊ նշել է Բարսեղյանը։