Գլխավոր / Կրթություն / ԵՊՀ ղեկավարությունը շարունակում է անհաղորդ լինել ուսանողական խնդիրներին․ ԵՊՀ ռեստարտ

ԵՊՀ ղեկավարությունը շարունակում է անհաղորդ լինել ուսանողական խնդիրներին․ ԵՊՀ ռեստարտ

ԵՊՀ ղեկավարությունն իր վարքագծով և հայտարարություններով ևս մեկ անգամ փաստում է իր անհաղորդ լինելն ուսանողական խնդիրներին և անուշադրությունը ուսանողների պահանջների նկատմամբ: Նման հայտարարություն է հրապարակել «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը Ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով մայիսի 29-ին «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության և ԵՊՀ ղեկավարության հետ հանդիպմանը։

«Հանդիպման ընթացքում ուսանողները բարձրաձայնեցին մի շարք խնդիրներ, որոնց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից տրված պատասխանները ոչ միայն սպառիչ չէին, այլև ավելի մտահոգիչ: ԵՊՀ ներկայիս ղեկավարությունը ևս մեկ անգամ ցույց տվեց համալսարանի ներկայիս ոչ ուսանողակենտրոն լինելը: Ուսանողների կողմից սեփական կարծիքը հայտնելու, մասնակցային տարբերակով դրանց լուծման հասնելու փորձերը որակավորվեցին որպես բռնություն և զոռբայություն»,֊ ասված է հայտարարությունում:

Պետրոսյանի խոսքով՝ ԵՊՀ ղեկավարությունն իրենց քայլերում քաղաքական ենթատեքստ է փնտրել․ «Փոխանակ ընդառաջ գնալու ուսանողների պահանջներին, փորձեց [Արամ Սիմոնյան] քաղաքական ենթատեքստ հաղորդել ամբողջ պրոցեսին՝ փորձելով խեղաթյուրել ուսանողական անկախ, ազատ պայքարը: «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը ցավում է, որ ԵՊՀ ղեկավարությունը փաստարկների բացակայության պատճառով դիմում է անթույլատրելի մեթոդների՝ փորձելով արհամարհել, աղավաղել սեփական ուսանողների նախաձեռնությունը»:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, համաձայն լրատվամիջոցների հրապարակումների, երեկ առողջության վատթարացման պատճառով տեղափոխվել էր հիվանդանոց։ ԵՊՀ պրոռեկտորներ Գեղամ Գևորգյանը և Ալեքսանդր Գրիգորյանն այս առիթով հայտարարություն են տարածել:

«2018թ. մայիսի 29-ից «ԵՊՀ ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության անդամները, սահմանազանցելով խաղաղ հավաքների անցկացման իրենց իրավունքը, մտել են ԵՊՀ վարչական համալիր և ակնհայտ անհարգալից ու արհամարհական վերաբերմունք դրսևորելով ԵՊՀ աշխատակազմի նկատմամբ՝ ներկայացրել են անհիմն ու անիրավաչափ պահանջներ, խաթարել են ԵՊՀ բնականոն գործունեությունը, զբաղեցրել են վարչական տարածքներ, բռնություն են գործադրել ԵՊՀ ռեկտորի նկատմամբ, ինչի պատճառով ներկայումս նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, և վիճակը գնահատվում է ծանր»,֊ ասված է հայտարարության մեջ: