Գլխավոր / Բանակ / Ղարաբաղում բռնաբարված զինվորը հրաժարվել է արագացված դատավարությունից և տեղացի փաստաբանից

Ղարաբաղում բռնաբարված զինվորը հրաժարվել է արագացված դատավարությունից և տեղացի փաստաբանից

Ղարաբաղում՝ Մարտակերտի շրջանի զորամասերից մեկում սպայի կողմից պարբերաբար բռնաբարված և ծեծի ենթարկված ժամկետային զինծառայող Կ․-ն հրաժարվել է արագացված դատաքննությունից և երրորդ կայազորային քննչական խմբի ղեկավար Արտակ Ոսկանյանի կողմից նրան տրամադրված տեղացի փաստաբանից: Այս մասին գրում է Forrights.am-ը։

Ժամկետային զինծառայող Կ․-ն այս տարվա փետրվարին՝ բանակ զորակոչվելուց օրեր անց ահազանգել էր մորը, որ իր անմիջական հրամանատար, կապիտան Գ․-ն ծեծել է և պարբերաբար բռնաբարել է իրեն: Կ․-ն, նախ, տուժող էր ճանաչվել։ Forrights.am-ը նշում է, որ նրան պահում էին ռազմական ոստիկանությունում, ոստիկանների հսկողության ներքո, հոգեբանական ճնշումների էին ենթարկում, թույլ չէին տալիս, որ առանց վկաների հանդիպի մորը, ստիպեցին հրաժարվել փաստաբանից: Ի վերջո, զինծառայողը ցուցմունք էր գրել, որ զրպարտել է սպային, և նրան մեղադրանք էին առաջադրել քրեական օրենսգրքի 333 հոդվածով՝ «սուտ մատնություն»: Հրամանատար Գ-ն այս գործով անցնում է որպես տուժող։ Նա երդվում է, որ երիտասարդն իրեն զրպարտել է բանակից ազատվելու նպատակով:

Հիշեցնենք, որ գործով երկու անգամ դատաբժշկական փորձաքննություն է արվել: Առաջին՝ թիվ 87 եզրակացությամաբ հաստատվում են Կ-ի ցուցմունքները իրեն սեռական բնույթի գործողությունների ենթարկելու վերաբերյալ: Նրա ուղիղ աղիքի շրջանում հայտնաբերվել են բութ առարկայի ներգործության հետևանքով հասցված վնասվածքներ: Դրանց ստացման ամսաթիվը համընկնում է Կ-ի նշած ժամկետի հետ: Երկրորդ փորձաքննությունը, որը արվել է ինքնախոստովանական ցուցմունքներ գրելուց հետո, վնասվածքների ստացման անորոշ ժամկետ է նշում՝ 7-10 օրվա և ավելի։ Այս փաստը անուղղակիորեն վկայում է, որ երկրորդ փորձաքննությունը, որի կարիքը չի եղել, ակնհայտորեն արվել է սուտ մատնության վերաբերյալ ինքնախոստովանական ցուցմունքների համար հիմք ստեղծելու նպատակով: