Home / Բնապահպանություն / «Արևիք» ազգային պարկի սահմանների հստակեցումը տարածքը կփրկի հանքերի ներխուժումից․ Ecoright.am

«Արևիք» ազգային պարկի սահմանների հստակեցումը տարածքը կփրկի հանքերի ներխուժումից․ Ecoright.am

«Արևիք» ազգային պարկը հիմնադրման օրվանից մինչև այսօր՝ մոտ 10 տարի, չի քարտեզագրվել, հստակ չէ, թե որտեղ է սկսվում և ավարտվում պարկի սահմանները։ Ecoright.am-ն անդրադարձել է այս թեմային՝ նշելով, թե ինչու նախկին իշխանություններին ձեռնտու էր չշտապել քարտեզագրել տարածքը։

«Զանգեզուր կենսոլորտային համալիր»-ի մեջ մտնող «Արևիք» ազգային պարկը հիմնադրվել է 2009 թվականին, սակայն մինչ օրս հստակեցված չեն դրա սահմանները։ Չնայած Կառավարության նույն թվականի որոշման մեջ նշված է, որ պարկի հողաշինարարական և անտառաշինական քարտեզների հիման վրա դեռևս 2010 թվականի ընթացքում սահմանված կարգով պետք է ապահովվեր տարածքի քարտեզագրումը, գոտևորման սխեմայի կազմումը,  պահպանման գոտու սահմանների ճշտումը, պարկը մինչ օրս ունի ընդամենը առաջարկվող կամ այսպես կոչված «ենթադրվող» սահմաններ, իսկ վերջնական քարտեզագրում և գոտիավորում դեռևս չի իրականացվել:

Միայն 2017 թվականի վերջին Գերմանական զարգացման բանկի (KfW) ֆինանսավորմամբ և «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան»-ի շրջանակներում Բնապահպանության նախարարությունը սկսել է «Արևիք» ազգային պարկի և «Բողաքար» պետական արգելավայրի սահմանների ճշգրտումը/սահմանագծումը և կադաստրային գրանցումը։

Այս տարվա մարտ ամսից աշխատանքները մեկնարկել են։ Դրանք իրականացնում է «Մոդուլ-2015» ՍՊԸ-ը:  Աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի 31-ին: Ըստ ընկերության փորձագետ Արման Վարդանյանի հավաստման՝ արդյունքում, բացի ազգային պարկի սահմանագծից, ունենալու են նաև ճիշտ համադրված կադաստրային քարտեզներ և առնվազն ազգային պարկի սահմաններում կադաստրային միավորների հետ խնդիրներ չի լինելու ապագայում:

Երկար ժամանակ է՝ ինչ «Արևիք» ազգային պարկի և սահմանակից հողօգտագործողների միջև խնդիրներ կան․ ստեղծվել է քաոտիկ վիճակ, քանի որ հատուկ պահպանվող տարածքի սահմանները հստակեցված չեն:

Հստակ սահմանագծի բացակայությունից օգտվում են  հանքարդյունաբերական գործունեություն ծավալող ընկերությունները՝ խաթարելով էկոհամակարգի բնականոն կենսագործունեությունը,  առաջացնելով իրավաբանական կազուս:

Կառավարության 2009 թվականի որոշման համաձայն՝ «Արևիք» ազգային պարկի պահպանման (բուֆերային) գոտում արգելվում է տնտեսական գործունեություն, որը կարող է սպառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը։ Բացի դրանից՝ արգելվում է օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը։ Չնայած դրան՝ ազգային պարկը տարիներ շարունակ ենթարկվել է հանքարդյունաբերական ընկերությունների ներխուժմանը:

Աշխարհագրագետ Լևոն Գալստյանը հենց հանքերի հետ է կապում այդ տարածքներում քարտեզագրման աշխատանքների ձգձգումը. «Սահմանները հատուկ չեն քարտեզագրվել, սահամանագրվել, ֆիքսվել, որ դրանք հետո հանկարծ չխանգարեն եղած հանքավայրերի շահագործման գործընթացներին։ Այսինքն՝ հանքավայրերի ուսումնասիրությունները կանեն, տեղերը կգտնեն, հետո դրան համապատասխան կազմեն պահպանվող տարածների քարտեզները»։

Գալստյանը հավելել է, որ սահմանները, որոնք այսօր մոտավոր գծագրված են, տրամաբանական չեն։ Նրա խոսքով՝ պահպանվող գոտիները պետք է ունենան բնական սահմաններ, մասնավորապես, դա կարող է լինել գետը, ջրբաժանը և այլն։ Բայց այստեղ այնքան կտրտված սահմաններ կան, որ հասկանալի է դառնում՝ դա արվել է որոշ հանքների գոտիներ շրջանցելու համար։

Թե ինչու տարիներ շարունակ չի կատարվել պարկի քարտեզագրում, «Արևիք» ազգային  պարկի տնօրեն Գագիկ Գևորգյանը կապում է ֆինանսական խնդիրների հետ. «Նախարարությունից մեզ ասում էին, որ չի ուշանա, շուտով կլինի, այ այս տարի կլինի։ Տարիներ առաջ, երբ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը Մեղրիում էր, ասաց՝ ինչ խնդիրներ կան, ասացինք՝ քարտեզագրման հարցն է, ասաց՝ շուտով կլինի»։

Հատկանշական է, որ 2015 թվականի հուլիսի 2-ի Կառավարության 731-Ն որոշմամբ 630.6541 հեկտարով կրճատվել էր «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքը «Արևիք» ազգային պարկի և «Զանգեզուր» պետական արգելոցի հաշվին: Մասնավորապես, «Արևիք» ազգային պարկի տարածքը կրճատվել է 462.61 հեկտարով՝ դառնալով 33939.19 հեկտար: Ըստ նախարարության դա կատարվել է պարկի սահմանների ճշտգրտման շրջանակներում, սակայն բնապահպանները բարձրաձայնում են, որ կրճատումը կատարվել է նոր հանքերի շահագործման համար տարածքներ ազատելու համար։

«Արևիք»-ի տարածքը Կառավարության որոշման համաձայն օտարվել է, սակայն պարկի տնօրենությունն անգամ չգիտի, թե ինչ նպատակով է դա կատարել։ «Ընդհանրապես ոչ մի բանից տեղյակ չենք եղել։ «Զանգեզուր» ՊՈԱԿ-ում է կատարվել ամեն ինչ, ՊՈԱԿ-ի հետ համատեղ։ Տեղյակ չենք՝ որտե՞ղից, ո՞ր հատվածից, ի՞նչ նպատակով է այդ հատվածը օտարվել։ Հանձնում-ընդունում չի եղել, սահմանազատում չի եղել», – նշել է Գևորգյանը։

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) տնօրեն Կարեն Մանվելյանի խոսքով՝ 2015 թվականի կրճատումները եղել են Տաշտունի հանքի պատճառով:

«Այն ժամանակվա Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին դիմեցի [այդ հարցով-խմբ․] խոսակցության ժամանակ, ասացի, որ հանքը ընկնում է պարկի տարածքում։ Պետք է հանքի տարածքը կրճատեին, բայց փոխանակ դա կրճատելուն՝  պարկի տարածքը կրճատեցին»։

Պարկի տարածքում հանքարդյունաբերական գործունեություն ծավալելու պատճառով «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը (ներկայումս՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար) դատի է տվել Բնապահպանության և Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություններին: Որպես երրորդ կողմ՝ ներգրավված է «Թաթսթոուն» ՍՊԸ-ն, որը ստացել էր Լիճքի հանքավայրի շահագործման համար թույլատրող փաստաթղթերը:

Նախատեսվող գործունեության համար տրամադրվող հողատարածքի մի մասը  «Արևիք» ազգային պարկի տարածքում է։ Գրիգորյանի  պահանջն է՝ առ ոչինչ ճանաչել Լիճքի պղնձի հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթերը: Դատական գործը դեռևս քննվում է Վարչական դատարանում։

«Արևիք» ազգային պարկի տնօրենը մեզ հետ զրույցում հավելեց, որ իր դիտարկմամբ Մեղրի համայնքում գործունեություն ծավալող հանքերից ոչ մեկը չի գտնվում ազգային պարկի տարածքում. «Քարտեզագրումից հետո կարող է պարզվել, որ ինչ-որ մի հանք կարող է և գտնված լինել բնապահպանական հողի վրա, չեմ բացառում, քանի որ կան  հողեր, որոնք նախկինում ընդգրկված չեն եղել ազգային պարկի մեջ։ Հիմա, երբ քարտեզագրվի, կարող է պարզվի, որ ինչ-որ մի հանք է այդ հողի վրա հայտնվել»:

Այնուամենայնիվ, նա նշում է, որ պարկի առաջակվող կամ «ենթադրվող»  սահմաններին կից գործում են հանքեր, որոնք ճնշում են ազգային պարկին, ազդում տարածքի կեսաբազմազանության վրա։

«Ինչ հանք էլ ուզում է լինել, կենսաբազմազանության վրա ազդում է։ Ե՛վ կենդական աշխարհի միգրացիան է փոխում, և՛ բուսականություն է փոխվում։ Օդն է աղտոտվում, կան ստորգետնյա ջրեր, որոնք պայթեցման աշխատանքնրի հետ կապված իրենց հունն են փոխում»։