Գլխավոր / Ազգային ժողով / ՀՀԿ-ն այլևս վախենալու չէ, փարատում են իրավապաշտպանները

ՀՀԿ-ն այլևս վախենալու չէ, փարատում են իրավապաշտպանները

Չարժի գերագնահատել «Հանրապետական, այսպես կոչված, կուսակցության» դերը, նշանակությունն ու կարողությունները»։ Վախեցած, ահաբեկված հասարակության մտահոգությունները Հանրապետական կուսակցության՝ սպասվող արտահերթ ընտրությունների միջոցով հնարավոր վերադարձի հետ կապված հասկանալի են Գյումրիի ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի համար։ «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած քննարկաման ժամանակ նա ասել է, որ չի կարծում, թե հանրապետականները ևս մեկ անգամ բախտները կփորձեն և որևէ արկածախնդրության կգնան Ազգային ժողովում կամ դրանից դուրս։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի համար անհասկանալի է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ թերահավատությունը։

«Ամեն ինչը, որ կատարվել է․․․ Նիկոլ Փաշինյանը նախաձեռնեց իր համախոհների հետ այդ քայլը, որը շատ կարևոր էր, բայց իրականություն դարձավ միայն ժողովրդի աջակցությամբ», — ասել է իրավապաշտպանը՝ նշելով, որ այլևս գործընթացի երաշխիք է հանդիսանում հենց քաղաքացին։

Սաքունցը չի կասկածում, որ ընտրությունները լինելու են բացառիկ ազատ և արդար, ինչպես եղավ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ․ «Դրա համար կան բոլոր անհրաժեշտ երաշխիքները։ Իշխանությունը չունի պահանջ և չունի հրահանգ դպրոցներին, բուհերին, բիզնեսին հրամայի՝ ընտրողներին ստիպողաբար նախընտրական պռոցեսներին մասնակից դարձնել։ Երկրորդը՝ իրավապահ մարմինները շատ հստակ էին, և լավ տղերքի ինստիտուտը բացարձակ որևէ նշանակություն չուներ»։

Հանրության առջև կարևոր խնդիրների շարքում նա նշել է նախընտրական շրջանում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առջև հստակ պահանջներ ներկայացնելը․ «Ի՞նչ ենք ուզում, որ մեր Ազգային ժողովն անի։ Հասկացանք՝ հանրապետական և նախկին հպատակային այդ ինստիտուտը վերացրեցինք, բայց ի՞նչ պահանջներ ենք մենք՝ որպես ՀՀ քաղաքացիներ, առաջադրում նոր Ազգային ժողովին, նոր քաղաքական ուժերին»։

Իրավաբան Կարեն Թումանյանն, իր հերթին, մտահոգություն հայտնեց Ազգային ժողովում վարչապետի հնարավոր չընտրվելու հետ կապված։ «Սահմանադրությունը գրված է այնպես, որ որևէ բան տեղի չէր ունենալու, Սերժ Սարգսյանը պետք է ընտրվեր, խնդիրներ չեն կարող լինել։ Սահմանադրությամբ կարգավորվում է վարչապետի առաջին փուլի առաջադրումը որևէ խմբակցության կողմից։ Խմբակցությունն առաջադրեց, չընտրվեց, հաջորդ փուլ։ Որպեսզի հաջորդ փուլը տեղի ունենա, մեծամասնությունը պետք է առաջադրի վարչապետի թեկնածու։ Մենք այս պահին մեծամասնություն ենք պատկերացնում Հանրապետական կուսակցությանը։ Հանրապետական կուսակցությունը կառաջադրի՞ Նիկոլ Փաշինյանին, թե՞ չի առաջադրի։ Եթե չառաջադրի Փաշինյանին կամ որևէ մեկին, որը պետք է ընտրվի, ի՞նչ են անելու, ես չեմ պատկերացնում», — խոստովանել է իրավաբանը։



03.10.2018