Գլխավոր / Ազգային ժողով / Ցմահ դատապարտվածների հարցն անհատապես են քննելու

Ցմահ դատապարտվածների հարցն անհատապես են քննելու

11 պատգամավոր նամակով դիմել է Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին՝ ցմահ բանտարկյալներին նույնպես համաներում շնորհելու խնդրանքով։

Համաներման հարցին նվիրված այսօրվա ԱԺ արտահերթ նիստին «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը նշել է, որ այն մերժվել է նախարարի պաշտոնակատարի կողմից։ Պատգամավորը խնդրել է պարզաբանել՝ ինչու։

«Մեր վերաբերմունքը ցմահ դատապարտյալների նկատմամբ արդեն դրսևորվել է, և դա աննախադեպ է։ Այս Կառավարության օրոք արդեն իսկ վաղաժակետ ազատվել է մեկ ցմահ դատապարտյալ։ Ցմահ դատապարտյալներին ցուցաբերվելու է անհատական մոտեցում», – Զեյնալյանը նշել է, որ դեռ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ սխալ է ցմահներին ազատել համաներմամբ։ Սակայն նրանք իրավունք ունեն և՛ պայմանական վաղաժամկետ ազատվել, և՛ ներման իրավունք ունեն։ Նա նշել է, որ յուրաքանչյուր գործն առանձին է քննվելու։

Նշենք, որ ներումն, ի տարբերություն համաներման, վերաբերում է առանձին մարդկանց, իսկ համաներում կիրառվում է բոլոր անձանց կամ անձանց կատերգորիաների նկատմամբ։ Ինչ վերաբերում է վաղաժամ արձակմանը, ապա դա, իրավական ակտ է, ի տարբերություն համաներման, որը մարդասիրական ակտ է։

Նիստին զուգահեռ Ազգային ժողովի այգում են հավաքվել ցմահ դատապարտվածների հարազատները, որոնք պահանջում են, որ համաներում տարածվի նաև իրենց հարազատների վրա։

Tekali Taxi