Գլխավոր / Մարզեր / Սերբիան Կոսովոյից խլել է Գրենադան

Սերբիան Կոսովոյից խլել է Գրենադան

Գրենադան հետ է կանչել իր կողմից Կոսովոյի անկախության ճանաչումը։ Ինչպես հաղորդում է Tanjug գործակալությունը, այս մասին վերջերս հայտարարել է Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Իվիցա Դաչիչը. «Գրենադան դարձել է 9-րդ երկիրը, որը չեղյալ է հայտարարել Կոսովոյի կարգավիճակի հարցով նախորդ բոլոր որոշումները. այսինքն Կոսովոյի ճանաչումը՝ որպես անկախ պետություն։ Ըստ Դաչիչի, Գրենադայի համապատասխան նոտայում նշվում է, որ «լայնածավալ հետազոտություններից հետո երկրի կառավարությունը կարծում է, որ առավելագույն նշանակություն ունի Կոսովոյի ապագա կարգավիճակին աջակցելը, որը համաձայնեցված կլինի Բելգրադի և Պրիշտինայի միջև բանակցություններով»։

Սերբիայի և չճանաչված հանրապետության դիվանագետները վարում են ակտիվ գործունեություն, որպեսզի իրենց կողմը գրավեն զարգացող երկրները։ Փետրվարին Կոսովոյի ԱԳՆ ղեկավարը հայտարարեց, որ ճանաչվել է ևս մեկ պետության՝ Բարբադոսի, կողմից։ Միևնույն ժամանակ Սերբիայի հետ բանակցություններից հետո, Կոսովոյի ճանաչումը ժխտվեց Դոմինիկյան Հանրապետության, Սուրինամի, Լիբերիայի, Սան Տոմե և Պրինսիպեի, Գվինեա-Բիսաուի, Բուրունդիի, Պապուա Նոր Գվինեաի և Լեսոտոի կողմից։

Արևմուտքը Սերբիայից պահանջում է հրաժարվել դիվանագիտական ջանքերից՝ Կոսովոյի անկախության դեմ պայքարում, հայտնել է Իվիցա Դաչիչը։ «Ալբանական կողմը դժգոհում է ինձանից արևմտյան երկրներին, իսկ Արևմուտքը պահանջում է դադարեցնել դա, որովհետև այն նյարդայնացնում է ալբանացիներին և իբր վնասում բանակցություններին, երբ իրենց՝ անկախության ճանաչման ու միջազգային կազմակերպություններին անդամացկման համար լոբբինգը նորմալ է»։

Սերբիայի ինքնավար մարզ Կոսովո և Մետոխիան հայտարարեց միակողմանի անկախություն 2008թ.-ի փետրվարին։ 2010թ.-ին մարզի անկախությունը ընդունել է ՄԱԿ-ի միջազգային դատարանը։ Ներկայումս, Սերբիայի տվյալներով, Կոսովոյի Հանրապետությունը ճանաչում են 104 երկիր, Պրիշտինան հավաստիացնում է, որ նման երկրների թիվը 117 է։ Կոսովոյի ճանաչմանը դեմ են հանդես գալիս ավելի քան 60 երկիր, այդ թվում Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Իսրայելը, Հունաստանը և Իսպանիան։