Գլխավոր / Մարզեր / Ռուսական ընկերության աշխատակիցները փակել էին Երևան-Շորժա երկաթգիծը

Ռուսական ընկերության աշխատակիցները փակել էին Երևան-Շորժա երկաթգիծը

Նոյեմբերի 5-ին «Հարավկովկասյան երկաթուղիներ» ռուսաստանյան ընկերության հարյուրավոր աշխատակիցներ փակել են Երևան-Շորժա ճանապարհի Ծովագյուղի երկաթգծի հատվածը, հայտնում է shamshyan.com-ը։

Կայքը մեջբերում է բողոքի մասնակիցներից մեկին․ «Առավոտից իրիկուն, տարվա ցանկացած եղանակային պայմաններում՝ թե՛ ձյանը, թե՛ անձրևին, թե՛ շոգին, աշխատել ենք իրենց ուզածով: Ոչ մի վրիպում չենք տվել ու հիմա «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ղեկավարությունը մի դարակազմիկ որոշում է կայացրել, որ մեզ բոլորիս պրեմիաներից պետք է զրկեն: Մթամ ինչ աշխատավարձ էիք տալիս, որ հիմա էլ դա եք կտրում: Եղել են օրեր ու ամիսներ, որ աշխատանքային ժամից 4- 5 ժամ ավել ենք աշխատել, բայց կյանքում չենք ասել՝ ավել աշխատանքի դիմաց վճարեք: Մտածել ենք, որ մեր երկրի համար ենք անում: Էս գիծը համարվում է ստրատեգիական ճանապարհ: Մենք գիտենք, որ էս ճանապարհը նաև սահմանն է պահում, զինվորին հաց է տեղափոխվում, բայց, եթե դիմել ենք այս ծայրահեղ քայլին, հուսով ենք, մեզ ականջալուր կլինեն ու խնդիրը կկարգավորեն: Սա հին խնդիր չէ: Նախկինում էլ է եղել ու հենց բարձրաձայնել ենք, ԿԳԲ-ով վախացրել են:

Հիմա դիմում ենք նաև Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանին, որպեսզի ուսումնասիրություն կատարի ու էնքան փողերի լվացման դեպք կբացահայտի, որ մի բան էլ հնարավոր կլինի մեր աշխատավարձերը բարձրացնեն՝ ինչպես աշխարհի շատ ու շատ երկրներում, երբ նման աշխատանքներ կատարողների աշխատավարձը ոչ թե կրճատում, այլ ավելացնում են»:

Բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցում էր ոստիկանության Սևանի բաժնի պետ, գնդապետ Սուրիկ Ջանիկյանը։ Երկաթգծի աշխատողներից նրան ասում են. «Մենք հարգում ենք թե՛ ոստիկանությանը, թե՛ ձեզ, բայց դանակը ոսկորին է հասել: Վարկերի տակ ճկռել ենք, ընտանիքներ կան, որոնց անդամները հիվանդանոցներում են, իսկ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության չինովնիկները զրկում են մեզ մեր արդար քրտինքով վաստակած չնչին գումարներից: Էլ տեղ չունենք, միակ ելքը սա է»:

Բողոքողների հետ հանդիպման էին եկել նաև «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության աշխատակիցները, ովքեր, ըստ ակցիայի մասնակիցների, այդ եկողները լսողի դերում են միայն հանդես գալիս: «Նրանք ի վիճակի չեն ոչ մեր հարցերին պատասպանեն, ոչ էլ մեր խնդիրը լուծեն: Մենք պահանջում ենք «Հարավկովկասյան երկաթուղիներ» փակ բաժնետիրական ընկերության առաջին դեմքերի հետ հանդիպում: Հակառակ դեպքում՝ կաթվածահար ենք անելու երկաթուղու աշխատանքը»: