Գլխավոր / Մարզեր / Ընտրությունների նախաշեմին Սահակաշվիլին ռասիզմով վարակվեց

Ընտրությունների նախաշեմին Սահակաշվիլին ռասիզմով վարակվեց

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հայտարարությունը մի շարք վրացական կազմակերպություններ համախմբող «Ոչ ատյացությանը» հասարակական հարթակի կողմից որակվել է արպես մարդատյաց և հակասոցիալական։ Խոսքը՝ նոյեմբերի 4-ին Ֆեյսբուքում տարածված այն տեսաուղերձի մասին, որտեղ երկրի նախկին ղեկավարը խոսում է Վրաստանի զբոսաշրջային ներուժի և կառավարության սխալների մասին, ինչի պատճառով երկիրը այցելում են ոչ համապատասխան մարդիկ։

«Մենք աշխարհի բոլոր երկրներից հարուստ զբոսաշրջիկների կարիք ունենք։ Ներեցեք, բայց այդ աղքատ ընչազուրկները իրենց երշիկեղենով և պահածոներով մեզ չեն հարստացնի։ Թեև բանգլադեշցիների դեմ ոչինչ չունեմ, սակայն Էմիրատներից մեզ ոչ թե բանգլադեշցիներ և հնդիկներ պետք է այցելեն, ովքեր ունեն ցածր եկամուտ, այլ, օրինակ, հարուստ շեյխեր։», Սահակաշվիլիի խոսքերը մեջբերում է «Сова» կայքը:

Սահակաշվիլին գտնում է, որ Վրաստան պետք է այցելեն «հարուստ զբոսաշրջիկներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Չինաստանից, նաև գերմանացիներ, անգլիացիներ և ամերիկացիներ»։

Նախկին նախագահը խոստովանել է նաև, որ իրեն հաճելի չեն Թբիլիսիի թաղամասերը, որտեղ «վրացերեն խոսք չես լսի»։

«Ոչ ատյացություն» հարթակի ներկայացուցիչները Սահակաշվիլիի բառերը որակել են որպես էթնիկական և սոցիալական խտրականության նշան։ «Նման հայտարարությունները բացասական ազդեցություն են ունենում հավասարության գաղափարի և քաղաքական միջավայրի ձևավորման վրա։ Նրանք խթանում են այլատյացության դրսևորումները»։

Իրավապաշտպանները նշում են, որ սա նախկին նախագահի առաջին հայտարարությունը չէ, որտեղ նա բացասական է արտահայտվում ներգաղթողների մասին։

«Ներգաղթյալների դեմ հռետորաբանությունը վերջին տարիներին դարձել է գերպահպանողական քաղաքական խմբերի օրակարգի մի մասը։ Ցավոք, նմանատիպ գաղափարները ակտիվորեն ներկայացվում են քաղաքական դաշտում»։ ՀԿ-ները իրենց ափսոսանքն են հայտնում, որ մարդատյաց տարրեր պարունակող հայտարարությունները քաղաքական գործիչների կողմից օգտագործվում են իրենց նախընտրական քարոզարշավների ժամանակ՝ ընտրողներին համախմբելու նպատակով։ Նման կերպով նրանք օժանդակում են հասարակության մեջ առանց այդ էլ գոյություն ունեցող սոցիալական բախումների ուժեղացմանը, մարդատյաց և ռասիստական վերաբերմունքին, ինչը հակասում է Վրաստանի գաղափարներին, որպես ժողովրդավարական երկիր և պետություն՝ կենտրոնացած մարդու իրավունքների պաշտպանության վրա», ասվում է իրավապաշտպանների հայտարարությունում։