Գլխավոր / Բանտ / Բանտերում կրթությունն ապահովելու անհրաժեշտության մասին

Բանտերում կրթությունն ապահովելու անհրաժեշտության մասին

2017 թվականին ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնլի երկրները՝ Ուկրաինան, Մոլդովան, Բելառուսը, Հայաստանն ու Միջին Ասիայի որոշ երկրները միավորվել և ստեղծել են բանտային կրթության ցանցը։ Կազմակերպությունը զբաղվում է խոցելի խմբերի կրթությամբ, այդ թվում՝ ազատազրկվածների։ Վերջիններիս կրթության իրավունքը «Հանուն մարդու իրավունքների․ կրթությունը բանտերում» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 13-ին քննարկեցին մի շարք հասարակական գործիչներ։

Ըստ կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Էսթեր Հակոբյանի՝ ցանցը հիմնելուց հետո երկրները դիմեցին Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարարության դրամաշնորհը ստանալու համար։ Ծրագրի նպատակն է՝ հանրությանն իրազեկել ազատազրկվածների կրթության իրավունքի մասին, ինչպես նաև, քաղաքականության հարցերի շուրջ քննարկումներ սկսելով, փորձել այդ իրազեկումը տանել քաղաքականության հարթակ։

ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության Քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Եկատերինա Դորոդնովան, իր հերթին, տեղեկացրեց, որ կառույցը ծրագրի իրագործման համար 264 հազար եվրո է հատկացրել։

Բանտերում կրության հիմնախնդիրների մասին քննարկմանը ներկա «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության նախագահ Արշակ Գասպարյանը նկատել է, որ կրթությունը բանտերում ենթադրում է գրադարաններից օգտվելը, մշակութային ու սպորտային միջոցառումներ, իսկ Եվրոպայի Խորհրդի «89 թվականի ռեկոմենդացիաներով նախատեսվում է նաև սոցիալական հմտությունների ուսուցումը որպես կրթության մաս»։

«Կրթությունն ապահովելով, մենք ապահովում ենք բանտերի բացասական ազդեցության հնարավորինս նվազումը, երկրորդ մասով ապահովում ենք կրթության շարունակականությունը և մասնագիտության և կրթության ուղիղ կապը, ասել է թե՝ անձը կարողանա ինքնաճի, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների արդյունքում վաղը դառնալ առավել արդյունավետ մեկը, քան կար մինչև քրեակատարողական հիմնարկ մուտք գործելը։ Եվ երրորդ նպատակն է՝պատժից ազատվելու առաջ վերաինտեգրման պռոցեսներն արդյունավետ դարձնելը»։

Նշելով, որ պետությունները դեռևս ճանապարհ են հարթում ՔԿՀ֊ներում կրթությունն ապահովելու համար, նա խոսեց հեռակա ուսուցման հնարավորությունն ապահովելու մասին․ «Երբ մարդն ընդունվում է բուհ, որն, իր հերթին, պետք է ունենա հեռակա ուսուցման ձև, որպեսզի ՔԿՀ֊ներում պահվող անձիք կրթություն ստանալու հնարավորություն ունենան։ Երկրորդ ձևը հեռավար ուսուցումն է, որ յուրաքանչյուր մեկը կարող է ֆորմալ և ոչ ֆորմալ կրթություն ստանալ ինտերնետի միջոցով»:

Արշակ Գասպարյանը մեկնաբանել է նաև Արդարադատության նախարարության կողմից նախաձեռնած 20-ամյա քրեակատարողական համակարգի ռազմավարությունը։ Ըստ նրա՝ չի կարելի 20-ամյա ծրագիր ունենալ, քանի որ բանտը «շնչող օրգանիզմ է»․ «Ժամ առ ժամ փոխվում են պահանջները բանտային համակարգի համար։ Բայց պիտի ասեմ, որ շատ կարևոր ժամանակահատվածում ենք սկսել այս քննարկումը, որովհետև անկախ նրանից՝ 5-ամյա, թե 20-ամյա կլինի բանտային համակարգի ծրագիրը, էս ամեն ինչը կարող ենք ներգրավել այս գնացքի մեջ, որն արդեն սկսել է շարժվել։

Չի կարող լինել բանտային համակարգի զարգացում առանց մյուս ոլորտների զարգացման՝ ի դեմս սոցիալական պաշտպանության ողջ համակարգի, դրա մի մասն էլ կրթական ոլորտն է»։