Գլխավոր / ԼԳԲՏ+ / Ոստիկանապետն արդարացավ ՄԱԿ֊ի պատվիրակության առջև

Ոստիկանապետն արդարացավ ՄԱԿ֊ի պատվիրակության առջև

Նոյեմբերի 13-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն ընդունեց Միավորված ազգերի կազմակերպության պատվիրակությանը, որը գլխավորում էր խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալետոսսի Վուլեն։

Վերջինիս, մասնավորապես, հետաքրքրում էր ԼԳԲՏ չկայացած ֆորումի վերաբերյալ ոստիկանության դիրքորոշումը։ՄԱԿ֊ի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Օսիպյանը նշեց, որ Հայաստանի ոստիկանությունը վերջին ամիսներին ապացուցել է հասարակական մեծամասշտաբ իրադարձությունների ժամանակ մասնակիցների անվտանգությունն ապահովելու կարողությունն ու պրոֆեսիոնալիզմը և պատրաստակամ է ապահովելու ցանկացած բնույթի հավաքի խաղաղ անցկացումը, իսկ ֆորումը ոստիկանությունը ոչ թե արգելել է, այլ խորհրդատվություն է տրամադրել կազմակերպիչներին՝ նկատի ունենալով անվտանգության ապահովման առանձնահատկությունները։

«Մենք առաջնորդվում ենք խտրականության բացառման և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքներով», — ասաց Օսիպյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ոստիկանապետն ասել էր, որ նպատակահարմար չի գտնում միջոցառման անցկացումը։ Այս հայտարարությունն Epress.am-ի տաղավարում մեկնաբանեց ֆեմինիստ Լալա Ասլիկյանն, ում համոզմամբ, այս խոսքերից հետո Օսիպյանը պետք է հրաժարականի դիմում ներկայացներ։

Վուլեն տեղեկացրեց, որ հետևել է ապրիլ-մայիս ամիսներին երկրում տեղի ունեցած իրադարձություններին՝ բարձր գնահատելով այդ օրերին Հայաստանի ոստիկանության գործողությունները, որոնք նպաստել են քաղաքացիների խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրացմանը։

Պատվիրակներին, մասնավորապես, հետաքրքրքրում էր՝ Հայաստանի ոստիկանությունը վերազինվա՞ծ է հատուկ միջոցներով, թե՝ ոչ։ Օսիպյանը, մասնավորապես նշեց, որ Հայաստանի ոստիկանությունը ոչ միայն ունի հատուկ միջոցներ, այլև դրանք կիրառվում են հատուկ մասնագիտական պատրաստություն անցած և պարբերաբար վերապատրաստվող ոստիկանների կողմից, որոնք տիրապետում են նաև առաջին բուժօգնության հմտություններին։