Գլխավոր / Հայաստան / Առանց լայն հանրային քննարկման հարկային բեռի ավելացում չի լինելու․ փոխվարչապետ

Առանց լայն հանրային քննարկման հարկային բեռի ավելացում չի լինելու․ փոխվարչապետ

Առանց լայն հանրային քննարկման որևէ հարկային բեռի ավելացում չի լինելու, ՀՀ կառավարության արտահերթ նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիներին հարկելու նախաձեռնությանը:

«Ես ուզում եմ ընդգծել, որ պետք է հաշվի առնել, որ զանազան գաղափարներ կարող են քննարկվել: Ընդ որում՝ քննարկումները կարող են հաճախ աղավաղվել և մեկնաբանվել ոչ այնպես, ինչպես կա: Դրանք կարող են չարժանանալ մարդկանց հավանությանը, բայց դրանք միայն հանրային համաձայնության ներքո կարող են իրականություն դառնալ։

Սոցցանցերում մարդիկ մանրամասն քննարկում են, այսպես ասած, խոպանչիներին հարկելու նախաձեռնությունը: Ես ուզում եմ ընդգծել, որ ՀՀ քաղաքացիներն իմանան՝ առանց լայն հանրային քննարկման և հանրային համաձայնության որևէ հարկային բեռի ավելացում չի լինելու», — ասաց նա՝ հավելելով, որ եթե այս գաղափարը կյանքի կոչվի, պետք է բացառվի որևէ կրկնակի հարկումը․ «Մինչ այդ մենք պետք է հասկանանք՝ որքանով է Հայաստանը պատրաստ դրան»: