Գլխավոր / Ազգային ժողով / Դաշնակներն ընդդեմ ՀՀ քաղաքացու

Դաշնակներն ընդդեմ ՀՀ քաղաքացու

Քայլում ես քո համար, դես-դեն նայում, մտնում խանութ, դուրս գալիս ու․․․ Դաշնակցության նախընտրական կարգախոսը տեսնում։ Տատս, ավելի ճիշտ՝ բաբոս, դեդոյիս մասին խոսելիս, ասում էր «մեր հայը»։ Հավանաբար, ամբողջ կյանքն ադրբեջանցիների կողքին ապրելուց էր այս խոսքը «շրջանառության մեջ դրվել»՝ չգիտեմ։ Բայց ՀՀ-ում անընդհատ հայ լինել-չլինելու վրա շեշտ դնելու իմաստը ո՞րն է։

«Հավատարիմ հողին ու հային»։

Ուրեմն, երկրի քաղաքացիները տարբեր են լինում։ Մեծ, փոքր, գանգրահեր, եզդի, ասորի, հայ։ Մյուս կողմից՝ ականջս այնքան է սովորել էդ ամեն ինչին, որ ավելի պատկերավոր է, երբ նմանատիպ արտահայտություններում սկսում եմ այլ ազգությունների անվանումներն օգտագործել։ «Հայ» բառի փոխարեն դնում ենք «ռուս», «ճապոնացի», «ադրբեջանցի» ու ստանում, փաստորեն, ռասիստական խոսք։ Մի քիչ ամերիկացիների բախտն է բերել․ «ամերիկացի» բառն ազգություն չի ենթադրում։ Կամ, օրինակ, «ռուսաստանցի», որն էլի հանգիստ է թողնում քո ազգությունը։ Մենք էլ ունենք նման բառ՝ հայաստանցի։ Հիմա, եթե ՀՀ քաղաքացին հանկարծ համարձակվում է հայ չլինել, ասենք, եզդի է, ասորի, ռուս, հրեա, դուք իր ձայնի համար չե՞ք պայքարելու, իր կարծիքը հաշվի չե՞ք առնելու, բանակ չե՞ք տանելու, հարկերից ազատելո՞ւ եք։

Երկրի քաղաքացիները հավասար են օրենքի առջև, համենայնդեպս, պետք է որ լինեն։ Ու խոստումներն ու ծրագրերը պետք է բխեն, առաջին հերթին, ՀՀ քաղաքացու շահերից։ Ես կասկածում եմ, որ յուրաքանչյուր հայի շահերը համընկնում են, մասնավորապես, դաշնակների շահերի հետ, ուր մնաց՝ ՀՀ այլ քաղաքացիների շահերը։

Արագածոտնի դաշնակցական նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանն, անդրադառնալով ՀՅԴ նախընտրական կարգախոսին, այս ուժին պատկանող «Երկիր մեդիա» հեռուստաալիքի եթերում ասել էր․ «Յուրաքանչյուր հայ մարդու, առավել ևս` դաշնակցականի համար, հողն ու հայը արժեքներ են, որոնց համար Դաշնակցությունը ստեղծվեց և իր 128-ամյա պատմության ընթացքում պայքարեց հանուն հողի և այդ հողի վրա հայ տեսակի ազատ ապրելու իրավունքի համար»: Հայն արժեք է, մարդը՝ չէ։ Հայը մարդ է, բայց մարդն արժեք չէ։ Բա ի՞նչ անեն այս հողում ապրող այլոք։ Սուսուփուս նստեն տեղները, իրենց չեն խաղացնում։

Դաշնակներին ու «Սասնա ծռերին» կռվեցնենք, ո՞վ կհաղթի։ Վերջիններիս «Ժամանա՛կն է» կարգախոսն էլ է սպառնալիքի պես հնչում՝ հաշվի առնելով, օրինակ, սա․ «Ժամանակն է վերաստանձնելու հայության համամարդկային առաքելությունը, որ բխում է Սասնա ծռեր էպոսում արտացոլված հավատամքային համակարգից»։ «Սասնա Ծռեր» կուսակցության առաջին համագումարին խոսվում էր նաև արարատյան մարդու համամարդկային առաքելության, ազգային պետության ստեղծման մասին, ինչպես նաև հայտնի է դարձել, թե ում կողքին է մշտապես ներկա Բարձրյալի աջը։ Ավելի մանրամասն՝ այստեղ։

Ալլա Մանվելյան