Home / Ազգային ժողով / «Իմ քայլը» բացարձակ մեծամասնություն ստացավ ԱԺ֊ում, ՀՀԿ֊ն խորհրդարանում չի լինի

«Իմ քայլը» բացարձակ մեծամասնություն ստացավ ԱԺ֊ում, ՀՀԿ֊ն խորհրդարանում չի լինի

\

Դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում ձայների բացարձակ մեծամասնությունն է հավաքել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը, իսկ ԱԺ են անցել 3 ուժեր։ Արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.63 տոկոսը, որոնց 70.43 տոկոսը ընտրել է «Իմ քայլ»֊ին։

ԿԸՀ֊ի հրապարակած նախնական տվյալներով՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ․

Իմ քայլը ֊ 70․43% (884,456 ձայն)

Բարգավաճ Հայաստան ֊ 8,27 (103,824)

Լուսավոր Հայաստան ֊ 6,37 (80,024)

ՀՀԿ֊ 4.7 (59,059)

ՀՅԴ ֊ 3,89 (48,811)

Մենք դաշինք ֊ 2 (25,174)

Սասնա ծռեր ֊ 1,82 (22,862)

Օրինաց երկիր ֊ 0,99 (12,389)

Քաղաքացու որոշում ֊ 0,68 տոկոս (8,530)

Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ ֊ 0,51 (6,456)

Ազգային առաջընթաց ֊ 0,33 (4,122)

Այսպիսով, բացի Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժից, խորհրդարան են անցել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները։ Նախորդ խորհրդարանում մեծամասնություն ունեցող Հանրապետական կուսակցությունը չի հաղթահարել 5 տոկոսի շեմը և խորհրդարան չի անցնի։

Ընտրատեղամասերի փակումից հետո Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է մասնակցության ցածր ցուցանիշը՝ նշելով, որ նախորդ ընտրությունների բարձր ցուցանիշը պայմանավորված է եղել նրանով, որ դրանց «մասնակցել են» երկրից բացակա ընտրողները, ցուցակներում առկա մահացած մարդիկ։ Բացի դա, նա ընդգծել է, որ այս ընտրություններին մարդկանց ընտրատեղամասեր ստիպողաբար չեն տարել, ինչպես նախորդ իշխանության օրոք կազմակերպված ընտրություններին, շատերն էլ այս անգամ ինտրիգ չեն տեսել և նախընտրել են տանը մնալ։