Home / Հայաստան / «Կա անմեղության կանխավարկած, բայց…»․ Գյումրիում կնոջ սպանության հետքերով

«Կա անմեղության կանխավարկած, բայց…»․ Գյումրիում կնոջ սպանության հետքերով

Գյումրիում օրեր առաջ սպանված կնոջ գործով կասկածյալ կա՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի ծառայող է: Կա անմեղության կանխավարկած, բայց համբերութունս չի հերիքում:

Ավետիսյանների սպանությունից հետո 200 անգամ ասացի և շատերն ասացին, որ բազայի զորամասերը, քանի դրանք այստեղ են, հարկավոր է կոշտ հսկողության տակ առնել, մասնավորաբար. արտաքին փշալարերով փակել, տեսախցիկներ տեղադրել, լուսարձակներ, ուղիղ հսկման կենտրոն ստեղծել, որպեսզի փախուստները կամ չարտոնված ելքերը արագ արձանագրվեն, զինվորականների բոլոր ելքերը պիտի նախապես իրազեկվեն ՀՀ իշխանություններին, զինվորականների և մեքենաների տեղաշարժերը զորամասից այլ զորամաս կամ այլ վայրեր, պիտի ուղեկցվեն ՀՀ իշխանությունների կողմից (ռազմ. ոստիկանություն, ՃՈ կամ այլ մարմիններ): Այդ և ավելի կատարելագործված համակարգի ներդրման դեպքում, որևէ չարտոնված տեղաշարժ արագ արձագանքի և տագնապ հայտարարելու հիմք էր տալու և կանխարգելելու էր հնարավոր հանցագործությունները: Չարվեց իհարկե, մեկը չեղավ՝ զանգեր հարցներ՝ ինչ անենք, որ գյումրեցիք պաշտպանված լինեն: Մի քանի սպայի հետ քաղաքային և պետական իշխանությունները նստեցին, գյալաջի արեցին, ասին՝ սաղ լավ է ու պրծ:

Ռազմաբազայի այլանդականոցը ակնհայտորեն փորձանք է դարձել գյումրեցիների և մյուսների գլխին: 1998թ․ շուկայում ավտոմատների կրակոցներից սպանվեցին երկու հոգի, 14 հոգի ծանր վիրավորվեց, երկու հոգի դատվեց Հայաստանի դատարանում և տեղափոխվեց Ռուսաստան, 2013թ. երկու երեխա Կամխուտ հրաձգարանում այդ զորքի թողած և չմարած զինամթերքի պայթյունից մահացան, ոչ մեկին մեղադրանք չներկայացվեց, ու ոչ֊ոք չդատվեց, այդ հրաձգարանը մինչև հիմա պայթած ու չպայթած զինամթերթի թափոնների վայր է առանց պարսպի կամ արգելապատնեշի, 2015թ. Ավետիսյանների չբացահայտված սպանություն, առանց մոտիվի բացահայտման գործը սարքեցին մի զինվորի վրա, դատեցին բազայի տարածքում, տարան Ռուսաստան, հիմա էլ էս պատմությունը, որը, ճշմարիտ է, չի բացահայտված, բայց, կարծում եմ, կբացահայտվի, մեղավորին երևի էլի կդատեն, կտանեն Ռուսաստան: Անցած տարիներին բազայի զինծառայողների մասնակցությամբ բազմաթիվ այլ հանցագործություններ էլ են եղել․ հարբածների կռիվ, վթարներ, ՀՀ քաղաքացիներին պատճառված գույքային վնաս, Ավետիսյանների սպանությունից հետո բազայի մի զինծառայողի գտան սպանված և այլն:

Հիմա հապաղել չի կարելի: Հայաստանը նոր իշխանություն ունի, որը ժողովրդական է, ժողովրդից ընտրված: Նման հանցագործությունների կանխարգելման համալիր ծրագիր պիտի գործարկվի, հարկավոր է ռուսական կողմին կարգի հրավիրել, վերոհիշյալ կամ այլ միջոցառումներ և գործղություններ պիտի ձեռնարկել, որպեսզի իրենց զորամասերից քթները հանելիս, հաստատ իմանան, որ հազար աչքով և զենքով հսկում են իրենց:

Ժողովրդին զենք կրելու հնար պիտի ստեղծել, օրենքով իրավուք տալ, սարսափելի բան չի լինի, բոլորը կիմանան, որ բոլորը զենք ունենալու իրավունք ունեն, հատկապես կարևոր է, որ բազայի զինծառայողները իմանան: Կամ բոլորը, ով փող ու հնար ունի, պիտի գնա՝ զոռով տեղ դառնա որսորդական միության ձևական անդամ, ոստիկանության թույլտվությամբ զենք-զինամթերք առնի, զինված լինի գոնե տանը: Որսորդականը թեթև զենք չէ, առնել դուրս գալ չի լինի ամեն առավոտ-գիշեր: Գազաբալոն և այլ հատուկ միջոցներ բոլորը չէ, որ կարող են իրենց թույլ տալ առնել: Բա մյուսներն ի՞նչ անեն, տնից դուր չգա՞ն…
Սա հին և չմոռացվող մարտահրավեր է իշխանություններին և մեզ բոլորիս: Սա կուլ տալ չի կարելի: Ու եթե հաստատվի, որ մեղավորը բազայի զինծառայող է, անկախ այն հանգամանքից՝ կդատեն, թե չեն դատի կամ դատելով կփախցնեն այստեղից, ոչ ոք վրեժի չի կարողանալու երաշխավորել: Ատելությունը քանի գնալու, խորանալու է, կլինեն մարդիկ, որ առիթ բաց չեն թողնելու վանելու զինծառայողներին մեր միջավայրից և սպասարկման օբյեկտներից:

Լևոն Բարսեղյան, Asparez.am

Tekali Taxi