Home / Ազգային ժողով / Անհնարին դարձնել Հայաստանում պետության բռնազավթումը որևէ խմբի կողմից

Անհնարին դարձնել Հայաստանում պետության բռնազավթումը որևէ խմբի կողմից

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների վերաբերմունքը Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների և նորընտիր Խորհրդարանի առաջիկա անելիքների վերաբերյալ

2018թ. դեկտեմբերի 9-ի ՀՀ ԱԺ ընտրությունները մենք գնահատում ենք որպես ազատ ու արդար, որտեղ տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտում:

Շուրջ 23 տարիների ընթացքում տեղի ունեցած առաջին ազատ, արդար և մրցակցային ընտրությունները պատմական շրջադարձային նշանակություն և մեծ արժեք են ներկայացնում բազմաթիվ առումներով: Ազատ ու արդար ընտրությունները ժողովրդավարական գործընթացների նշանակալի ձեռքբերում են և հասարակության քաղաքական հասունության ու ընտրելու արժեքը գիտակցելու ապացույց:

Այս ընտրություններում վերականգնվեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ինքնավստահությունը՝ որպես արժանապատիվ քաղաքացիների, որոնց ձայնն ու կարծիքն ունեն նշանակություն և արժեք: Իր ընտրությամբ հասարակությունը մերժեց բռնապետական ու փչացած համակարգը՝ քվեարկելով հանուն նոր ու ժողովրդավար երկրի: Ազատ ու արդար ընտրությունների կայացման փաստը վերջ դրեց կոռումպացված համակարգին, որի միջոցով հազարավոր մարդիկ մասնակցում էին իշխող համակարգի վերարտադրությանը, անպատժելի և անօրինական գործողություններին: Ընտրությունները և դրանց արդյունքները բարձրացրեցին ակնկալիքների շեմը ամբողջ հասարակության համար:

Մենք՝ հանրության ներկայացուցիչներս, որ տարիներ շարունակ պաշտպանել ենք ժողովրդավարության, արդարադատության և մարդու իրավունքների հիմնարար արժեքները, ակնկալում ենք համակարգային ու խորքային բարեփոխումներ, որոնք թույլ կտան օրենսդրորեն և գործնականում ամրագրել ու անդառնալի իրողություն դարձնել լավ կառավարման, արդարադատության և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներն ու մեխանիզմները:

Նոր իրավիճակում, առավել քան պետք է փոխվի նաև նորընտիր Ազգային ժողովի դերը, նշանակությունը և գործելաոճը: Կարևոր է, որ նորընտիր Ազգային ժողովը դառնա ամենատարբեր հարցերի և խնդիրների շուրջ հանրային լայն քննարկումների հարթակ:

Մենք պնդում ենք, որ անհրաժեշտ է․

  • տալ քաղաքական գնահատական նախորդ ավտորիտար կառավարման ժամանակաշրջանին և ռեժիմին, որը կառավարվում էր համակարգային կոռուպցիայի մեխանիզմներով և շարունակաբար ու անպատիժ խախտում էր մարդու հիմնարար իրավունքներն ու մարդկային արժանապատվությունը: Նման քաղաքական գնահատականով պետք է սկզբնավորվեն այնպիսի մեխանիզմների զարգացումն ու գործադրումը, որոնք այլևս անհնարին կդարձնեն Հայաստանի Հանրապետությունում պետության բռնազավթումը որևէ խմբի կողմից:
  • ստեղծել հնարավորություններ՝ ժողովրդավարական սկզբունքներով և հանրային լայն մասնակցությամբ նոր սահմանադրության մշակման համար, և այդ նոր Սահմանադրությամբ երաշխավորել բռնատիրական կառավարման հիմնական գործիքների՝ ոստիկանության, ազգային անվտանգության, քրեակատարողական համակարգի և քննչական մարմինների նկատմամբ խորհրդարանական արդյունավետ վերահսկողություն:
  • մշակել անցումային արդարադատության ռազմավարություն և ապահովել դրա արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերը:
  • իրականացնել անհապաղ, լայնամասշտաբ, իրական և տեսանելի արդյունքներին ուղղված բարեփոխումներ քրեական արդարադատության և իրավապահ համակարգերում:
  • ապահովել խտրականության բոլոր դրսևորումների վերացումը՝ ընդունելով իրավակիրառ արդյունավետ գործիքակազմով օրենսդրություն:
  • երաշխավորել սոցիալական արդարության հաստատմանն ուղղված ռազմավարություններ՝ ապահովելով բոլոր խավերի ներառականությունը:
  • նախաձեռնել միջոցառումներ, որոնք ի լրումն հակակոռուպցիոն կանխարգելիչ և իրավապահ մարմինների ձևավորման, կստեղծեն հիմքեր բոլոր հաստատությունների մակարդակով կոռուպցիայի դեմ համակարգային և համընդհանուր պայքար ծավալելու համար:
  • ընդունել հրատապ կարգով անհրաժեշտ օրենքների փաթեթ, որով սկիզբ կդրվի մենաշնորհների վերացմանն ու իրական շուկայական տնտեսության զարգացմանը, միաժամանակ, հստակ սահմանելով պետության միջամտության սահմանները:
  • ամրագրել Հայաստանի համար տարածքային համաչափ զարգացումը և տեղական ինքնակառավարման հզորացումը որպես առաջնային խնդիր և մշակել դրանց իրականացումն ապահովող օրենսդություն:
  • բարեփոխել կրթության համակարգը՝ օրենսդրորեն ստեղծելով արմատական բարեփոխումներ իրականացնելու հնարավորություններ, որն ուղղված կլինի թոթափելու քաղաքական բռնազավթումը:

Մենք, ներքոստորագրյալներս, մեր պատրաստակամությունն ենք հայտնում ներդնել մեր ներուժը վերոհիշյալ մարտահրավերները հաղթահարելու և աշխատանքներն իրականացնելու համար։

Հայտարարությունը բաց է միանալու համար:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Իրազեկ քաղաքացիների միավորում

Tekali Taxi