Գլխավոր / Առողջապահություն / Աշխատանքն անհնարին է դարձել կարծիքների անհամատեղելիության պատճառով․ Արթուր Գրիգորյան

Աշխատանքն անհնարին է դարձել կարծիքների անհամատեղելիության պատճառով․ Արթուր Գրիգորյան

«Աշխատանքից ազատումն ինձ համար անակնկալ էր, բայց այնպես չէ, որ ինձ չէին ակնարկել, որ կա նման տրամադրվածություն», — Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը Սիվիլնեթի տաղավարում պատմել է՝ ինչու և ինչպես են իրեն աշխատանքից ազատել։ Գրիգորյանն աշխատանքային խորհրդակցության է եղել, երբ վերջինիս օգնականը զանգել և ասել է, որ Կառավարության կայքում նրա՝ աշխատանքից հեռացման հայտարարությունն է դրված։

«Մոտ մեկ շաբաթ առաջ Տեսչական մարմնի համակարգման գրասենյակն ինձ փոխանցեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առաջարկությունը՝ աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել։ Ես ասացի, որ ամենայն հարգանքով փոխվարչապետի նկատմամբ՝ իմ վերադասը վարչապետն է։ Եվ եթե կա որևէ խնդիր, ինձ վարչապետը պետք է ասի, և նա կարող է միայն այդպիսի պահանջ ներկայացնել։

․․․Կառույցը (Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին֊խմբ․) շատ հզոր կառույց է, և շատ կարևոր և պատասխանատու գործառույթ է իրականացնում: Երբ որ կառույցի ղեկավարի հորդորում են աշխատանքից ազատվել, պետք է հստակ պատճառաբանություններ լինեն և քննարկվեն։ Օրինակ՝ ինչպես պետք է շարունակվեն կիսատ մնացած ստուգումները։ Ի վերջո, Քաջարանում 4,5 ամիս ստուգումներ ենք իրականացրել և ավարտել ենք հունվարի 21-ին։ 10 օրում պետք է ամփոփեինք այդ հսկայածավալ ինֆորմացիան և տայինք իրավական գնահատական։ Այս փուլում տեսչական մարմինը գլխատելը որքանո՞վ է պրոֆեսիոնալիզմի չափանիշներին համապատասխանում՝ դա այլ հարց է։ Հիմա այդ մասին չեմ ուզում խոսել։

․․․ Ես, ցավոք, իրավունք չունեմ ներկայացնել բովանդակային տեղեկություններ Քաջարանում իրականցված ստուգումների արդյունքների վերաբերյալ»։ Գրիգորյանը նշել է, որ ինքը պատրաստվում էր վարչապետի վերադարձից հետո հանդիպել նրա հետ և քննարկել ի հայտ եկած խնդիրները և հնարավոր լուծումները։ Փաշինյանը մասնակցում էր Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովին։

«Պետք է ազնվորեն խոսել այն հարցերի շուրջ, որտեղ կարծիքների անհամատեղելիության պատճառով անհնարին է դարձել իմ աշխատանքը կառավարությունում», — ամփոփել է Գրիգորյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։