Home / Բնապահպանություն / Չինովնիկը խոստացավ բացահայտել հանքերի իրական տերերին

Չինովնիկը խոստացավ բացահայտել հանքերի իրական տերերին

Հանքարդյունաբերող ընկերությունների իրական սեփականատերերը նրանք են, ովքեր փաստացի օգուտ են ստանում ընկերության գործունեությունից, և Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության ստանդարտի պարտադիր պահանջ է այդ անձանց ինքնության հրապարակումը, քանի որ նրանք որպես կանոն թաքնված են մնում իրավաբանական անձանց շղթայում:

Հայաստանը նախաձեռնության անդամ է 2017 թվականից, և իր պարտավորությունների շրջանակում Հայաստանում հանքերի իրական սեփականատերերին բացահայտող օրինագիծը առաջիկայում կուղարկվի Ազգային ժողով: Այն արդեն պատրաստ է և ուժի մեջ կարող է մտնել 2019 թվականի նոյեմբերից: Այս մասին տեղեկացրեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Վարդան Գևորգյանը:

«Կազմակերպությունները իրենք իրենց նախաձեռնությամբ, նաև մեր հսկողությամբ պետք է բացահայտեն, թե ովքեր են բաժնետերերը, ընդհուպ մինչև վերջին բաժնետեր, այսինքն՝ ֆիզիկական անձի մակարդակով», – ասաց Գևորգյանը։

«Ազատության» հարցին՝ մեխանիզմներն ինչպե՞ս են լինելու, իրատեսակա՞ն է արդյոք բացահայտելը, որովհետև կան տարիներ շարունակ Հայաստանում գործող հանքարդյունաբերող ընկերություններ, որոնց անունները ամենաբարձրաստիճան պաշտոնյաների, նախկին նախագահների հետ են կապվում, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարարը պատասխանեց. – «Մեխանիզմը հստակ մեխանիզմ է, որը օրենքով արդեն մենք նախատեսել ենք, կարգ կա՝ ինչպես են բացահայտվելու։ Դա զբաղվելու է Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունը, նաև նախարարությունը։ Այսինքն հստակ սահմանված է մեխանիզմը, ֆունկցիաները։ Ես կարծում եմ, իհարկե, որոշակի խնդիրներ կան, էսօր ամբողջ աշխարհում էդ խնդիրը կա իրական սեփականատերերի բացահայտման, բայց էն, որ մենք ունենալու ենք շատ ավելի լավ պատկեր, քան էն, ինչ որ էսօր ունենք, դա միանշանակ է»։

Հայաստանում տարիներ շարունակ բարձրաձայնում են այն մասին, որ երկրում գործող խոշոր հանքերի իրական սեփականատերերը բարձրաստիճան պաշտոնյաներ են, իսկ հանքերի շահագործման թույլտվության և ընկերություններում ստանդարտների պահպանման գործընթացները անցել են կոռուպցիոն խոշոր գործարքներով: Ներկայումս նախաքննության փուլում է գտնվում նախկին բնապահպանության նախարարի 14 մլն դոլար կաշառք ստանալու վերաբերյալ գործը: Փոխնախարարը դժվարանում է ասել՝ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո սկանդալային բացահայտումներ կլինեն, թե ոչ, բայց որ դրական տեղաշարժ կլինի՝ վստահ է:

«Նորմալ երևույթ է եղել միշտ, որ օֆշորային կազմակերպությունները գործունեություն են իրականացնում տարբեր երկրներում, էստեղ ուղղակի ավելի կարևոր է թափանցիկությունը, որ հանրային հատվածը, հասարակական կազմակերպությունները տեղեկացված լինեն, նաև՝ քաղաքացիական հասարակությունը, [թե ով է] տվյալ մետաղական հանքարդյունահանում իրականացնող ընկերության իրական սեփականատերը։ Սա շատ կարևոր է», – նշեց Գևորգյանը։

Tekali Taxi