Գլխավոր / Բանտ / Մարդուն ապօրինի արգելանքի տակ են պահում Վանաձորի բանտում

Մարդուն ապօրինի արգելանքի տակ են պահում Վանաձորի բանտում

ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Գուրգեն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է, որ իր պաշտպանյալ Արթուր Մանուչարյանին «Վանաձոր» ՔԿՀ-ում ապօրինի արգելանքի տակ են պահում:

Իր դեմ դեռևս 2013 թ.-ին հարուցված քրեական գործի դատաքննության շրջանակում Արթուր Մանուչարյանը չի ներկայացել դատական նիստերին. քննությունից խուսափելու հիմքով նրա նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը դատարանը 2014 թ.-ին փոխարինել է կալանքով և հայտարարել հետախուզում:

«Զվարթնոց» օդանավակայանի գծային ոստիկանության բաժնի աշխատակիցները հետախուզման մեջ գտնվող Արթուր Մանուչարյանին արգելանքի տակ են վերցրել ՀՀ ժամանելուն պես՝ 2019թ. փետրվարի 7-ին՝ ժամը 4:00-ի սահմաններում: Այնտեղից նրան տեղափոխել են ՀՀ ոստիկանության Ալավերդու բաժին, ապա՝ «Վանաձոր» ՔԿՀ:

Մինչդեռ նրան կալանավորելու որոշում դատարանը կայացրել է 5 տարի առաջ՝ 2014 թ. հունվարի 14-ին, և հետախուզման մեջ գտնվող Ա. Մանուչարյանին  հայտնաբերելու դեպքում նրան, առանց դատարանի որոշման, «Վանաձոր» ՔԿՀ տեղափոխելը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված անձի ազատության իրավունքի կոպիտ խախտում է:

Փաստ է, որ Արթուր Մանուչարյանը 2019թ. փետրվարի 7-ին ձերբակալվելուց հետո 72 ժամվա ընթացքում դատարան չի տարվել կամ ազատ չի արձակվել, ավելին՝ 72 ժամը լրանալուց հետո էլ նա շարունակում է մնալ ՔԿՀ-ում, իսկ նրան ազատ արձակելու պաշտպանի դիմումը «Վանաձոր» ՔԿՀ պետը մերժել է:

աղբյուր՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ