Գլխավոր / Կանանց իրավունքներ / Բաց նամակ՝ Գագիկ Ծառուկյանին

Բաց նամակ՝ Գագիկ Ծառուկյանին

Հարգարժան պարոն  Ծառուկյան,

Ձեզ գրում է Աննա Աբելյանը՝ Ալավերդի քաղաքից: Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, աշխատում եմ «Էյ Սի Փի» ընկերությունում: Ու չնայած 13 տարվա աշխատանքային փորձառությանս՝ մեկ ամիս անց արդեն կլինեմ պոտենցիալ գործազուրկ՝ Ալավերդու պղնձաձուլարանի շուրջ ստեղծված խնդիրներով պայմանավորված:

Տարիներ առաջ մեր քաղաքում հիմնել եմ փոքր թռչնաբուծական տնտեսություն, որը մեծացնելու հեռանկարներ ունեմ: Մասնակցել եմ մի շարք բիզնես-դասընթացների՝ դրամաշնորհ ստանալու ակնկալիքով, սակայն թռչնաբուծական տնտեսությունն ընդլայնելու՝ իմ ներկայացրած ծրագիրը չի ֆինանսավորվել՝ բանկերին ունեցած իմ պարտքերի պատճառով: Այսօր իմ առջև ծառացած դժվարությունները խոչընդոտում են, որպեսզի կարողանամ իրականացնել ծրագրերս: Դրան է գումարվել արդեն իմ ու աղջկաս գոյատևելու խնդիրը:

Միայնակ մայր եմ: Արդեն 2 տարի ապրում եմ այս կարգավիճակով: Չեմ ուզում հրապարակել անձնական կյանքիս մանրամասները, բայց հայտնվել եմ մի իրավիճակում, որ տարբեր բանկերին ու վարկային կազմակերպություններին ունեցած պարտքերի պատճառով չեմ կարողանում, այսպես ասած, ոտքի կանգնել:

Դիմել եմ մի քանի գործարարների, հեղինակություն վայելող անձանց, բայց օգնության ձեռք չեն մեկնել: Բավարարվել են միայն իմ խնդիրների մասին պատմող նամակներս ընթերցելով: Հարկ եմ համարում նշել, որ ՀՀ վարչապետի նախաձեռնությամբ ու որոշմամբ հազարավոր քաղաքացիների վարկերի կուտակված տոկոսների զրոյացման գործընթացում նույնպես չեմ կարողացել ընդգրկվել: Բոլոր բանկերում միաբերան պնդում են, որ այդ գործընթացն ինձ չի վերաբերում:

Երկար մտորելուց հետո որոշեցի բաց նամակով դիմել Ձեզ՝ ոչ թե որպես սոցիալական ծայրահեղ վատ վիճակում գտնվող մեկը, ով պարզապես օգնություն է խնդրում, այլ որպես մարդ, կին, մայր, ով պատրաստ է աշխատելու, գործելու՝ իր, իր երեխայի ապագան բարեկեցիկ դարձնելու, ինչու չէ նաև համայնքում դրական փոփոխություն կատարելու նպատակով: Իսկ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն, իմ կարծիքով, այն կառույցն է, որն իր գործունեության ընթացքում բազմաթիվ նախաձեռնություններ է իրականացրել տարբեր ոլորտներում, որոնք մշտապես ուղղված են եղել ժողովրդի կյանքի որակի բարելավմանը:

Ուստի խնդրում եմ Ձեզնից թեկուզ փոքր աջակցություն, որպեսզի կարողանամ մեծացնել իմ տնտեսության ծավալը և հնարավորինս շուտ դուրս գալ ստեղծված բարդ ու դժվարին իրավիճակից:

Կանխավ՝ շնորհակալություն:

Հարգանքով՝ Աննա Աբելյան