Home / Դատարան / Փաստաբանը օգնել է դատավորին կաշառք ստանալ․ ՀՔԾ

Փաստաբանը օգնել է դատավորին կաշառք ստանալ․ ՀՔԾ

Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) հարուցված և Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների հիման վրա Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել «այն հանցավոր արարքի կատարման համար, որ նա ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք»:

ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ մարտի 30-ին քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Հեբոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նույն օրը դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է, և Հեբոյանը կալանավորվել է:

Ըստ առաջադրված մեղադրանքի` դատավորն իր վարույթում քննվող քաղաքացիական գործով հայցվորի օգտին գործողություն կատարելու, այն է` վերջինիս 3 միլիոն 400 հազար դրամ պետական տուրքը վճարելուց ազատելու դիմաց մարտի 4-ին նրանից պահանջել է առանձնապես խոշոր չափերի` 1 միլիոն 715 հազար դրամին համարժեք 3 հազար 500 դոլար կաշառք: «Քաղաքացու հետ սակարկելու արդյունքում Գագիկ Հեբոյանը նրա հետ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերել հիշյալ գործողությունը կատարելու դիմաց 1 միլիոն 225 հազար ՀՀ դրամին համարժեք 2 հազար 500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու վերաբերյալ: Խուսափելով կաշառքի առարկան անձամբ վերցնելուց և բացահայտվելուց` դատավորը դիմել է իր ծանոթ փաստաբանի օժանդակությանը. 2019թ. մարտի 27-ին հիշյալ քաղաքացին ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում 2 հազար 500 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը տվել է փաստաբանին, ով նույն օրը այն փոխանցել է դատավորին», – ասված է ՀՔԾ հաղորդագրությունում:

Կալանավորված դատավորի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը շաբաթ օրը «Ազատությանը» հայտնել էր, որ Գագիկ Հեբոյանը անօրինական է որակում տեղի ունեցածը:

Դատավորը ձերբակալվել է մարտի 27-ին:

Tekali Taxi