Գլխավոր / Բանակ / Բանակը թավշյա մոտեցումներ չի սիրում․ Ղարաբաղում փոփոխությունները ուշացան

Բանակը թավշյա մոտեցումներ չի սիրում․ Ղարաբաղում փոփոխությունները ուշացան

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հրամանով Սամվել Կարապետյանի (հայտնի է որպես Օգանովսկի) ազատումն Արցախի պաշտպանության փոխնախարարի պաշտոնից տեղի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը դիտարկում է ռազմական էլիտայի սերնդափոխության շրջանակներում:

«Ես դիտարկում եմ հետապրիլյան՝ 2016 թվականի հետապրիլյան իրավիճակով։ Ապրիլից հետո պրոցես է սկսվել փոփոխությունների, որը մի քիչ նաև բարդ ընթացք է ունենում, որովհետև կան տարբեր հանգամանքներ մարդկանց վաստակի հետ կապված, մոտեցումների հետ կապված։ Բանակն այսօր արդիականացման լուրջ կարիք է զգում, և այդ արդիականացման լոկոմոտիվը պետք է լինի զինվորականների նոր սերունդը», – «Ազատության» հետ զրույցում ասաց Խանումյանը։

Սամվել Կարապետյանի անունն Արցախում շրջանառվում էր ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի նկատմամբ 2016 թվականի հունիսին կիրառված բռնության, ինչպես նաև 2015 թվականի հունվարին Բերձորի մոտ «Հիմնադիր խորհրդարան»-ի ավտոերթի մասնակիցներին ծեծի ենթարկելու դեպքերի հետ կապված։

Արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը հանրության շրջանում առկա այս լուրերին իրավական գնահատական տալու անհրաժեշտություն է տեսնում: «Այն ժամանակ, երբ Արցախում մենք կունենանք այլ որակի իշխանություն, իհարկե, պետք է լրջորեն հետաքննել Սամվել Կարապետյանի ենթադրյալ մասնակցությամբ բոլոր միջադեպերն՝ անհրաժեշտության դեպքում հարուցելով քրեական գործեր և ենթարկելով նրան պատասխանատվության»։

«Սասնա ծռեր» կուսակցության համահիմնադիր Վարուժան Ավետիսյանն Ղարաբաղում սկսված փոփոխությունները ուշացած է համարում․ իրենք դեռ ապրիլյան «պատերազմից» հետո են բարձրաձայնել բարձրագույն հրամկազմի փոփոխության հարցը:

Անցած տարեվերջին Բակո Սահակյանի հրամանով պաշտոնից ազատվել էր նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, ով նշանակվել էր Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն:

«Ջախջախիչ մեծամասնությունը դրանց կոռումպացվեցին, խրվեցին հանցագործությունների մեջ, «Մարտի 1»-ի հերոսներ դարձան, Բերձորի ջարդի «հերոսներ» դարձան, այնպես որ այդ փոփոխությունները պետք է շատ արագ կատարվեին, ոչ թե հեղափոխությունից հետո համարյա մեկ տարի անցներ նոր թավշյա տրամաբանությամբ… բանակը չի սիրում թավշյա մոտեցումներ, բանակում պետք է կտրուկ գործողություններ կատարել», – ասաց Ավետիսյանը։

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանն ազատվել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից՝ իր դիմումի համաձայն՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։

Ինքը՝ Կարապետյանն իր հրաժարականի մասին ասել է. – «Շուրջ երեք տասնամյակ Պաշտպանության բանակում ծառայելուց հետո թողնում եմ պաշտոնս և զորացրվում զինված ուժերի շարքերից»։ Հայտարարությունը Կարապետյանը եզրափակել է այսպես. – «Բանակը եղել է, կա ու մնալու է իմ ամենօրյա մտորումների առանցքում»:

Նախկին փոխնախարար Սամվել Կարապետյանը կշարունակի ղեկավարել Արցախի վետերանների միությունը:

Tekali Taxi