Գլխավոր / Կրթություն / Ռուսաստանի դեսպանատան մոտ հնչած պայթյունն անարխիստներն էին կազմակերպել

Ռուսաստանի դեսպանատան մոտ հնչած պայթյունն անարխիստներն էին կազմակերպել

Հունական անարխիստական ​​«Վրեժի դավադրություն» կազմակերպությունը պատասխանատվություն է ստանձնել Աթենքում Ռուսաստանի դեսպանատան առջև մարտի 22-ին հնչած պայթյունի համար: Խմբի հայտարարությունը հրապարակվել  է Indymedia (Independent Media Centre) պորտալում։

Հայտարարության մեջ նշվում է, որ անարխիստներն ակցիա են արել ի համերաշխություն ռուս անարխիստների, որոնք հետապնդվում են ռուսական հատուկ ծառայությունների կողմից։ Հիշատակվում է նաև 2019 թվականի փետրվարի 1-ի իրադարձությունները. այդ օրերին  «Ժողովրդական ինքնապաշտպանություն» շարժման անարխիստներին հետապնդում էին Ռուսաստանի Բալաշիխա քաղաքում հայտնաբերված պայթուցիկ սարքի գործի շրջանակներում։

Ձերբակալվածներից մեկը՝ Մոսկվայի պետական ​​համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի ասպիրանտ Ազատ Միֆթախովը, հայտարարել է, որ իրեն խոշտանգել են։ Նրան ձերբակալել են Մոսկվայի թաղամասերից մեկում գտնվող «Միասնական Ռուսաստան» գրասենյակի հրդեհման մեղադրանքով։

Հույն անարխիստները հիշատակում են նաև 17-ամյա Միխայիլ Ժլոբիցկիի պատմությունը, որը 2018 թվականի աշնանն ինքնաշեն նռնակ պայթեցրեց Արխանգելսկի Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության շենքում։ Հայտարարության հեղինակները նշում են, որ իրենց և ռուս ուսանողների «թշնամին մեկն է»։

Հիշեցնենք, որ մարտի 22-ի գիշերն Աթենքում մոտոցիկլետով  2 անհայտ  անձ  նռնակ էին նետել Ռուսաստանի դեսպանատան առջև տեղակայված անվտանգության աշխատակիցների տաղավարի առաջ։ Դրանից հետո նրանք փախել էին դեպքի վայրից։ Պայթյունի հետևանքով ոչ ոք չէր տուժել։