Home / Առողջապահություն / Եթե օգնել, ապա բոլոր հաշմանդամություն ունեցող զինծառայողներին․ Բաթոյան

Եթե օգնել, ապա բոլոր հաշմանդամություն ունեցող զինծառայողներին․ Բաթոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն անհրաժեշտ է համարում երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամություն ունեցողներին ևս ընդգրկել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում», քանի որ տարբերությունը տվյալ կարգերի միջև փոքր է։

Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում նախարարը տեղեկացրել է հիմնադրամին առաջարկությունով դիմելու մտադրության մասին․ «Որովհետև, կարծում ենք, որ եթե խոսքը առողջապահական ծառայություններին է վերաբերում և եթե ընդգրկվել են հաշմանդամության առաջին և երկրորդ խումբ ունեցող անձիք, ապա երրորդ խումբը ևս պետք է ընդգրկվի։

Ինչ վերաբերում է աջակցության ծավալներին, մոտեցումն, այնուամենայնիվ, տարբերակված է։ Ասեմ, որ նաև թյուր կարծիք կա, այսինքն, գուցե, միշտ չէ արդարացված այն կարծիքը, որ առաջին կամ երկրորդ խմբերն ավելի մեծ աջակցության կարիք ունեն։ Միայն խմբերով առաջնորդվելը, կարծում ենք, որ ճիշտ չէ։ Հաշմանդամություն ունեցող բոլոր զինծառայողներին պետք է ընդգրկենք։ Եթե չենք կարողանում և այդքան ֆինանսական հնարավորություններ չունենք, կարող ենք այլ տարբերակներ մտածել։ Եթե ընդգրկում ենք, բոլորին ընդգրկենք, առանց խտրականության»։

Բաթոյանը, նախ, չհամաձայնեց վարչապետ Փաշանյանի այն պնդման հետ, որ ավելի լավ է, առաջին հերթին, օգնություն ցուցաբերել զոհվածների ընտանիքներին, հետո ասաց, որ դա որոշման հարց է․ «Եթե որոշում ենք, որ հաշմանդամություն ունեցող զինծառայողներին ենք աջակցում, ապա հաշմանդամություն ունեցող անձիք ներառում են նաև երրորդ խումբը։ Եթե որոշում ենք, որ իրենց չենք աջակցում, այլ զոհվածների ընտանիքներին, էդպես ենք որոշում»։

Տեղում որոշել, թե ով ավելի շատ օգնության կարիք ունի, նկատել է Բաթոյանը, հնարավոր չէ, քանի որ ինքը տեղյակ է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին, այնինչ, զինծառայողների ընտանիքները կարող են այլ կարիքներ ունենալ։