Գլխավոր / Դատարան / Հարցի ըստ էության քննարկումը թաղվում է կալանքի շուրջ աղմուկի մեջ․ Քոչարյանի գործով փաստաբան

Հարցի ըստ էության քննարկումը թաղվում է կալանքի շուրջ աղմուկի մեջ․ Քոչարյանի գործով փաստաբան

«Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ռ․ Քոչարյանի և մյուսների» գործի վարույթը կասեցնելը և Սահմանադրական դատարան ուղարկելը նշանակում է` ամեն ինչ արվել էր, որպեսզի հնարավոր չլինի բողոքարկել տվյալ որոշումը։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների փաստաբան Վահե Գրիգորյանը։

«Բողոքների համար հիմք է ծառայել այն հանգամանքը, որ դատարանն ակնհայտորեն որոշումը կայացրել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունների հիման վրա, այսինքն՝ կայացրել էր մի որոշում, որ ենթակա էր բողոքարկման 10 օրվա ընթացքում։ Ես միջնորդությունը չեմ տեսել, ես տեսել եմ դատարանի որոշումը, որը հղում է տալիս պաշտպանների միջնորդություններում եղած փաստարկներին և հիշատակում է, որ միջնորդություններ են ներկայացված դատարանին», ֊ ասել է փաստաբանը։ Նա ենթադրում է, որ սրանք միջնորդություններ են, որոնք ներկայացվել են կալանքի լսումների ժամանակ, որոնց Գրիգորյանին, ինչպես և որևէ այլ մասնակցի նույնպես, դատարանը չներգրավեց՝ միայն Ռոբերտ Քորարյանի պաշտպանները, Ռոբերտ Քոչարյանը և դատախազությունը, ինչը նույնպես կոպիտ խախտում է։

«Դատավորը լսել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին, նրանց փաստարկները հաշվի առնելով որոշում է կայացրել, և որոշման հիման վրա կասեցրել է մի գործ, որը վերաբերվում է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին, այլ ևս երեք մեղադրյալների և տասնյակ տուժողների։ Եվ նրանցից որևէ մեկի դիրքորոշումը դրա վերաբերյալ չի հարցրել։ Դա բավական չէ, անմիջապես որոշումը կայացնելուց հետո այն ուղարկել է Սահմանադրական դատարան, ՍԴ ուղարկելով նաև 80 հատոր բնօրինակ գործի նյութերը։ Ինչո՞ւ եմ դա նշում, որովհետև երբ որ դու գործն ուղարկում ես Սահմանադրական դատարան, դա նշանակում է՝ այդ որոշման դեմ բերված Վերաքննիչ քրեական դատարան ներկայացված բողոքը Վերաքննիչ քրեական դատարանն այլևս չի կարող քննել, որովհետև գործն ինքը չի ստանալու», – մանրամասնել է փաստաբանը։

Բացատրելով, թե ինչպես ազատության մեջ գտնվող Քոչարյանը կարող է ազդել գործի քննության վրա, Գրիգորյանը շեշտեց․ «Մարդուն ազատ արձակեցին և երկու օր հետո դատարանն անմիջապես փոխեց իր դիրքորոշումը»։

Ինչ վերաբերում է գործով անցնող վկաների կամ դատական համակարգի վրա ազդելու՝ երկրորդ նախագահի ունեցած լծակներին, Գրիգորյանի խոսքով՝ և՛ միջազգային պրակտիկայում, և, առհասարակ, օտարերկրյա պետությունների ազգային իրավունքի պրակտիկայում շատ ընդունելի մոդել է․ որքան բարձր է մարդու ազդեցությունն ու հեղինակությունը, միաժամանակ՝ ծանր հանցագործությունը, որում նա մեղադրվում է, այդքան ավելի բարձր է այդ ռիսկը։

«Մենք չպիտի նստենք, գուշակենք, թե ինչ և ինչպես պիտի անի։ Էնքանով, որքանով նա ունի ազդելու հնարավորություն, և էդ հնարավորությունը ռեալ է և գործում է, և ինքը հակված է էդ հնարավորություններից օգտվել, այդքանը բավարար է, որպեսզի քննության անխոչընդոտ ընթացքն ապահովելու համար մարդուն մեկուսացրած պահեն»։

Չնայած նրան, որ հրապարակված մեղադրանքն, ըստ Վահե Գրիգորյանի, ցնցող տվյալներ է պարունակում, «մենք դեռ խոսում ենք կալանքի մասին»․ «Այսքան ամիս պաշտպանությունն ամբողջությամբ ֆիքսված է կալանքի վրա։ Ցանկացած ըստ էության հարցի քննարկում մշտապես կալանքի շուրջ աղմուկի մեջ թաղվում է»։

Tekali Taxi