Home / Դատարան / Քոչարյանը սպառնում է դատավորին

Քոչարյանը սպառնում է դատավորին

Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով Վերաքննիչ բողոքի քննության ընթացքում ՀՀ երկրորդ նախագահը սպառնացել է դատավորին:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կրկին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին գործը քննող դատավոր Արմեն Դանիելյանին: Նրանք նաեւ միացան Սեդա Սաֆարյանի միջնորդության եզրափակիչ մասին՝ համամիտ չլինելով դրա նկարագրական մասի հետ, հայտնում է Armtimes.com-ը:

Ներկայացված միջնորդությունների վերաբերյալ դիրքորոշում հայտնեց նաեւ Ռոբերտ Քոչարյանը:

«Հարգելի՛ դատարան, ինձ համար ավելի հեշտ է միանալ Սեդա Սաֆարյանի միջնորդությանը առաջին հերթին, որովհետեւ փաստաբանների պես ծանոթ չեմ այն քրեական գործերին, որոնց վրա հղում է կատարել Սաֆարյանը:

Բոլոր այդ քրեական գործերը, այդ դատավարությունները եղել են իմ նախագահական ժամկետն ավարտելուց հետո, որոնց ծանոթ չէի, չէի զեկուցվում: Չեմ բացառում, որ որոշ գործերով կարող է սխալներ եղել են… բայց ծանոթ լինելով այս քրեական գործի նյութերին, որն ուղղակի ամբողջությամբ կարած գործ է:

Եւս մեկ անգամ հորդորում եմ ձեզ, ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս եւ այս գործը սարքելու համար, կարելու համար մարդիկ ապագայում օրենքով շատ խիստ պատասխանատվության են ենթարկվելու:

Ինչ վերաբերում է այն փաստին, որ ես եմ ձեզ նշանակել, անկեղծ պետք է ասեմ՝ ես ինձ վատ եմ զգում այն հանգամանքով, որ իմ նշանակած դատավորի նկատմամբ այսպիսի բացասական վերաբերմունք կա ձեւավորված: Լավ բան չի տարիների ընթացքում լինելով համակարգում՝ այսպիսի համբավ ձեռք բերելը: Այս գործը ձեր թափի գործը չի»:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն էլ, արձագանքելով Քոչարյանի այն հայտարարությանը, որը գործը կարված է, ասաց. «Եթե դուք 80 հատոր գործ եք կարդացել ու այդտեղ ձեզ չեք տեսել, դա դեռ չի նշանակում, որ ձեր վրա գործ է, գործ չի կարվել, գործ կարվել է 2008 թվականին գրեթե բոլորի վրա»,- ասաց Սաֆարյանը, ապա զարմացավ, թե ինչու է Ալումյանը միանում իր միջնորդութան եզրափակիչ մասին, եթե իր ներկայացրած հիմքերը Ալումյանի համար ընդունելի չեն:

Երեւանի դատախազ, գործով մեղադրող Գեւորգ Բաղդասարյանն էլ Քոչարյանի հայտարարությունը համարեց սպառնալիք դատարանի հասցեին. «Մենք լսել ենք ուղիղ, ըստ էության, սպառնալիքին նմանվող ձեւակերպումներ՝ այս գործից հեռու մնալու, այս գործի հեռանկարների ու արդյունքում՝ պատասխանատվության չենթարկվելու հեռանկարից հեռու մնալու մասին: Մենք գտնում ենք, որ դատավորը պետք է անկախ լինի, չենթարկվի այդպիսի ճնշումներին, այդպիսի ձեւակերպումներին ու կայացնի օբյեկտիվ որոշում»: