Home / Ոստիկանություն / Բաքվում տապալել են ընդդիմադիր դրամահավաքը

Բաքվում տապալել են ընդդիմադիր դրամահավաքը

Վերջերս գեներալ-գնդապետի կոչում ստացած Ադրբեջանի ներքին գործերի նոր նախարար Վիլայաթ Էյվազովը այսօր բարեհաջող տապալեց քաղբանտարկյալների ընտանիքների համար միջոցներ հավաքելու նպատակով կազմակերպված «համերաշխության մարաթոնը», հայտնում է Turan լրատվական գործակալությունը։ Համերաշխության մարաթոնին մասնակցում էին Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի անդամներ, մի շարք ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ։

Ոստիկանության ստորաբաժանումները ակցիայի վայր ժամանելուց հետո նախ բերման են ենթարկել ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալի Քերիմլիին, ով այդ պահին դուրս էր գալիս «Մուսավաթ» կուսակցության գրասենյակից, որտեղ մասնակցում էր «համերաշխության մարաթոնին»: Այնուհետև ոստիկանները ներխուժել են գրասենյակ և պահանջել դադարեցնել մարաթոնը։ Գրասենյակում գտնվողներին նրանք դուրս են հանել փողոց։

Քերեմլիին բռնելուց անմիջապես հետո իշխանամերձ ԶԼՄ-ները հաղորդել են, որ «ապօրինի միջոցառման» կազմակերպման հիմքով դատարանը որոշում է կայացրել ձերբակալել նրան։ Քերիմլիին, սակայն, ազատ են արձակել բերման ենթարկելուց մեկուկես ժամ անց։ Ձերբակալման մասին հաղորդումները չեն հաստատվել։

Ազատ արձակումից հետո Քերիմլին հայտարարել է, որ տեղի ունեցածը հերթական անգամ վկայում է, որ իշխանությունները վախենում են ընդդիմության կազմակերպվածության ցանկացած դրսևորումից․ «Նրանք փորձում են թույլ չտալ, որպեսզի մարդիկ մտերմանան և ինքնակազմակերպվեն։ Նրանք փորձում են վախեցնել մեզ, թույլ չտալ միավորվել։ Բայց մենք չենք վախենում, մենք չենք հրաժարվի քաղբանտարկյալների ընտանքիներին աջակցություն ցուցաբերելու գաղափարից», – ասել է նա։

Հիշեցնենք, որ «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին Իլհամ Ալիևի վարչակազմի ամենակոշտ ընդդիմախոսներից է։ 2016 թվականին նա մեղադրվում էր Ադրբեջանում հեղաշրջում ծրագրելու մեջ։ Նրա դեմ հարուցված գործը կասեցվեց ձերբակալումից ամիսներ անց՝ հիմնականում միջազգային ճնշումների շնորհիվ։

Tekali Taxi