Home / Բանակ / Իրանի և Ամերիկայի միջև լարվածության մասին․ հակիրճ ու հերթով

Իրանի և Ամերիկայի միջև լարվածության մասին․ հակիրճ ու հերթով

Դոնալդ Թրամփը Իրանի միջուկային համաձայնագրի հետ կապված իր դժգոհությունները հայտնել էր դեռևս Բարաք Օբամայի պաշտոնավարման օրոք՝ 2015 թվականին. նա համաձայնագիրն անվանել էր սարսափելի, ծիծաղելի, աղետալի, իսկ այն ստորագրած Օբամային՝ ոչ կոմպետենտ: 2018-ին՝ նախագահ ընտրվելուց հետո, նա հայտարարել է, որ հետ է կանգնում այդ համաձայնագրից և պատժամիջոցներ է սահմանում Իրանի նկատմամբ: Ավելի ուշ նա Իրանին մեղադրել է Հորմուզի նեղուցում երկու ամերիկյան լցանավերի վրա հարձակման մեջ, սպառնացել ռազմական գործողություններով ու նոր պատժամիջոցներով: Իրանական կողմը հերքել է նավթակիրների վրա հարձակման մեղադրանքն ու հայտարարել, որ պատժամիջոցների կիրառման դեպքում չի հետևի համաձայնագրում նշված ուրանի հարստացման սահմանափակումներին՝ առավել ևս, որ դրանց չի հետևում նաև պաշտոնական Վաշինգտոնը: 

2019-ի հունիսի 20-ին Պարսից ծոցի մոտակայքում Իրանի կողմից Ամերիկյան անօդաչու լրտեսական սարքի կործանումից հետո երկու երկրների միջև լարվածությունն էլ ավելի է մեծացել: Նույն օրը, հնարավոր պատասխան քայլերը Ազգային անվտանգության աշխատակիցների հետ քննարկելիս, Թրամփը թվիթերում գրառում է արել. «Իրանը շատ մեծ սխալ գործեց»: 

Օրենսդիրների գնահատականներն իրավիճակի վերաբերյալ տրամագծորեն տարբեր են: Օրինակ, դեմոկրատ Նենսի Փելոսիի կարծիքով Թրամփը պատերազմ չի ուզում, մինչդեռ հանրապետական Լինդսի Գրեհեմը կոչ է անում Իրանին «դաժան ցավի» պատրաստվել:

Թրամփի չարամիտ, բայց լղոզված թվիթը ի հայտ եկավ Իրանի հեղափոխական գվարդիայի հայտարարությունից հետո: Ամերիկյան լրտեսական դրոնի կործանումը մեկնաբանելիս՝ նրանք պնդում էին, որ ոչնչացրել են այն, քանի որ անօդաչու սարքը թռչում էր իրենց տարածքով: Լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարում է, որ դրոնը միջազգային ջրերի՝ այլ ոչ Իրանի տարածքում է եղել: Հարցին, արդյոք ԱՄՆ-ն ռազմական գործողություններ կսկսի, Թրամփը պատասխանում է՝ «Կտեսնեք»:

Նույն օրը՝ լրագրողների հարցին ի պատասխան Թրամփը դրոնի կործանումն անվանում է «նոր կնճիռ, նոր մոծակ քսուքի մեջ» և ասում, որ «բարդ է հավատալ, որ դա դիտավորյալ է արվել»:

Թեև դժվար է գտնել Թրամփի հստակ հայտարարությունները ռազմական գործողություններ սկսելու մասին, հունիսի 26-ին նա տեղեկացնում է, որ չեղարկում է իրանական նշանակետերի ուղղությամբ Ամերիկայի պլանավորած ռազմական հարձակումները, քանի որ մինչև 150 հոգու մահվան վտանգը ոչ հարաբերական է մեկ անօդաչու թռչող սարքի կործանմանը: 

Չնայած երկու կողմերը պարբերաբար պնդում են, որ պատերազմ չեն ուզում, ռազմական գործողությունների վտանգը մնում է օդում կախված և շահարկելի: 

Թեհրանի հետ լարվածության աճի համատեքստում Ամերիկայի նախագահը հունիսի 25-ին հայտարարել է, որ կոնֆլիկտի առաջացման դեպքում իրեն «ելքի մարտավարություն» պետք չէ, իսկ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարությամբ է հանդես եկել, որ Սպիտակ տունը «տառապում է հոգեկան հաշմանդամությունից» և վարվում այնպես, «ինչպես ոչ մի ողջամիտ մարդ»: Թրամփի նոր պատժամիջոցները մեկնաբանելով՝ Իրանի Արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Աբաս Մուսավին հայտարարում է, որ դրանք «ընդմիշտ փակում են դիվանագիտության ճանապարհը»: 

Հունիսի 26-ին Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլտոնը՝ շարունակելով կոպիտ հռետորաբանությունը, Իրանն անվանում է «ռադիկալ ռեժիմ», որը շարունակում է «դաժան սադրանքները» Իսրայելի և Ռուսաստանի հետ Երուսաղեմում տեղի ունենալիք եռակողմ հանդիպմանն ընդառաջ: Նա ավելացնում է նաև, որ Թրամփը «դուռը բաց է պահում իրական բանակցությունների համար»:

Հունիսի 27-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հայտարարում է, որ իրենք Իրանի հետ պատերազմելու ցանկություն չունեն, բայց պատրաստ են ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց՝ իրենց նավատորմի անվտանգությունն ապահովելու համար:

Իրան-ԱՄՆ լարվածությունը Օսակայում հունիսի 27-ին տեղի ունեցած Մեծ քսանյակի գագաթնաժողովի գլխավոր թեմաներից էր: Համաձայնագիրը ստորագրած եվրոպական երկրները հորդորում են հակամարտող կողմերին զսպվածություն ցուցաբերել: 

Լարվածության վերսկսման առաջին իսկ օրվանից Թրամփի ադմինիստրացիայից պարբերաբար հայտնում են, որ իրենք «պարզապես ուզում են, որ Իրանն իրեն նորմալ երկրի պես պահի»` ուղղակի կամ անուղղակի բացատրելով, որ «նորմալ երկրի պես պահել» նշանակում է չսատարել օտարերկրյա ահաբեկչական խմբերին: 

Օտարերկրյա ահաբեկչական խմբերին ֆինանսավորելու մեղադրանքները փոխադարձ են: Ռոհանիի դեռևս մայիսին հնչեցրած հայտարարություններից մեկը՝ որպես օրինակ. «Իրանական մշակույթը խաղաղասեր է… Մենք արմատախիլ արեցինք ԻԼԻՊ-ը [Իսլամական պետություն] մեր տարածաշրջանում` փրկելով հազարավոր մարդկանց, իսկ դուք զինում ու գումարներ եք տրամադրում Իսլամական պետության մարդասպաններին, հետո պնդում, որ պայքարում եք մարդու իրավունքների համար?»

աղբյուրներ․ twitter, the Guardian, Tasnim, BBC, Iranian Press TV, CNN

Tekali Taxi